Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում տիրող խայտառակ վիճակի մասին, շատերը նկատած կլինեն, չափազանց հաճախ է գրվում: Դրա պառճառը, սակայն, ոչ թե մամուլի՝ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված ոչ անաչառ վերաբերմունքն է այս բնագավառի պատասխանատուների նկատմամբ, այլ՝ ոլորտում օբյեկտիվորեն տիրող այն խայառակ պատկերը, որն այդպես էլ ոչ մի կերպ այս տարիների ընթացքում չի կարգավորվում:

Մայսի 22-ին զգալի թվով գյուղացիներ փակել էին Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը՝ բողոքելով գյուղմթերքի գների կտրուկ անկման դեմ: Գյուղմթերքի շուկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մի կողմից այլ երկրներից ներկրած ապրանքներն են խփում հայ գյուղացու գործին, մյուս կողմից գյուղոլորտում հսկայական ազդեցություն ունեցող մասնավոր ընկերությունն է համապատասխան քաղաքականության արդյունքում անելանելի վիճակում դրել  շարքային գյուղացիներին, որոնց ապրուստի միակ միջոցը սեփական քրտինքով աճեցրած գյուղմթերքի՝ լոլիկի կամ վարունգի իրացումն է ներքին շուկայում. մարդիկ բողոքում են գյուղմթերքի շուկայական գների աննախադեպ անկումից, որը միանգամայն արհեստական գործոններով պայմանավորված ու իր խորքում մեծվտանգ ներկայացնող իրողություն է հայ գյուղացու համար:

Այս ամենի հետ կապված՝ բնական հարց է  առաջ գալիս՝ ո՞վ պետք է այս կոլապսային վիճակը կարգավորի, գյուղատնտեսության նախարարությո՞ւնը, թե՞ ասենք ՏՄՊՊՀ-ն՝ Շաբոյանի գլխավորւթյամբ: Ակնհայտ է, որ եթե  հաշվի չեն առնվում շարքային
գյուղացիների կենսական շահերն, եթե այս հարցին համակարգված լուծում չի տրվում ու ճշգրիտ մոտեցում չի ցուցաբերվում, ապա ստացվում է, որ մենք մեր ձեռքերով, մեր փնթի վերաբերմունքով ստիպում ենք գյուղացիությանն առհասարակ հրաժարվել հող մշակելու, բարիք ստեղծելու պրակտիկայից. ստիպում ենք մարդկանց բռնել «խոպանի» ճանապարհը:

Անկասկած է, որ նման իրավիճակներ դեռ էլի են լինելու, դեռ մեկ անգամ չէ, որ գյուղացիները ստիպված են լինելու ճանապարհներ փակել, ցույցեր անել, արդարություն պահանջել: Մեծ հարց է, սակայն, խնդիրները կստանան իրավիճակայի՞ն լուծում, թե՞ հիմնավոր. նախ՝ պատասխանատուներին պարզենք:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ