Վերջին տարիներին Հայաստանի և Իրանի իրականացրած համատեղ աշխատանքների շնորհիվ տարբեր ոլորտներում համագործակցության «պատուհաններ» են բացվել: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի հանդիպման շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը՝ հավելելով, որ երկու երկրներն ակտիվ աշխատում են, որպեսզի միմյանց ներկայացնեն բոլոր հնարավորությունները:
«Իրանի գյուղնախարարի այցը Հայաստան ընդունում եմ, որպես բարի նշան երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար: Տարբեր ոլորտներում Իրանի և Հայաստանի միջև համագործակցությունը թղթից գործի է անցնում և շատ ուրախ եմ, որ նախարարների ներկայությամբ կկարողանանք գյուղատնտեսության ոլորտում ևս աշխատանքներ իրականացնել: Պետք է նշեմ, որ երկու երկրների նախագահների աջակցությամբ մուտքի արտոնագրի ռեժիմը հանվեց, որի արդյունքում զբոսաշրջիկների հոսքը Հայաստան մեծացել է: Այն կհանգեցնի ներդրումների ավելացմանը և երկրների միջև առևտրատն տեսական հարաբերությունների զարգացմանը»,- ասաց Սեյեդ Քազեմ Սաջջադը:
Իրանի Իսլամական Հանրապետության ջիհադի գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջջաթիի խոսքով` երկու երկրների կառավարությունների միջև քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում, իսկ երկու ժողովուրդների մշակույթային հարաբերությունները գալիս են վաղ անցյալից:
«Հիանալի հնարավորություններ կան երկու երկրների տնտեսական ոլորտներում համագործակցության համար: Հուսով եմ, որ ապագայում ականատես կլինենք երկու երկրների առևտրաշրջանառության ավելացմանը, և երկու ժողովուրդները կզգան այդ ոլորտներում բավականին մեծ և հզոր ձեռքբերումներ»,- ասաց Մահմուդ Հոջջաթին: