Երբ ամիսներ առաջ Կարեն Կարապետյանի կառավարության ձևավորման շրջանակներում որոշում էր ընդունվել Հասմիկ Պողոսյանին Արմեն Ամիրյանով փոխարինելու մասին, շատերը լիահույս էին, որ Հայաստանի մշակութային կյանքը տեսանելի ապագայում գոնե ինչ-որ չափով կենդանության նոր նշաններ ցույց կտա: Միամտաբար, թե բացառապես կյանքի հանդեպ հույսը չկորցնելու ազնիվ մղումից դրդված` շատերը համոզված էին, որ Ամիրյանը պետության կողմից վարվող մշակութային քաղաքականությունն այնպես կբարեփոխի կամ գոնե այնպիսի կոնկրետ քայլերի կդիմի, որոնք արմատապես կբարելավեն այս կարևորագույն ոլորտում իշխող տրամաբանությունը:
Հիմա` Ամիրյանի համար ճակատագրական այդ օրվանից երկար ամիսներ անց, բոլորս ստիպված ենք ամրագրել այն դառն իրականությունը, որ տիրում է այսօր մշակույթի ոլորտում: Վարչապետ Կարեն Կարապետյանն, ինչպես հայտնի է, այցելել էր մշակույթի նախարարություն, այնտեղ հանդիպում էր ունեցել ղեկավար կազմի հետ, խորհրադակցություն անցկացրել, կիսվել իր պատկերացումներով Ամիրյանի ու նրա տեղակալների հետ:
Անկեղծ ասած` երբ ընթերցում ես այցի մասին պատմող հաղորդագրությունը, անսխալ տպավորություն է ստեղծվում, թե Կարապետյանը Ամիրյանին ընդամենը մեկ բան է կոչ անում. շարունակ հորդորում է ծրագիր կազմել, ռազմավարական պլան ներկայացնել, առավել նախաձեռնող ու ակտիվ ինքնադրսևորվել և այլն: Մի խոսքով` փորձում է ամեն գնով Ամիրյանին ակտիվ քայլերի մղել: Նկատենք` վարչապետի` հորդորները միանգամայն տեղին են ու համապատասխանում են ժամանակի հրամայականին, քանի որ չնայած այն հանգամանքին, որ Ամիրյանը բավական տևական ժամանակ է` մի ողջ երկրի մշակույթի նախարար է, մարդն այդպես էլ մի խելքը գլխին ծրագիր, զարգացման պլան ու ռազմավարություն չի կարողանում պետությանը ներկայացնել. հանդես է գալիս իր նախորդի կողմից սահմանված «բարի» ավանդույթների շարունակողի դերում:
Միակ բանը, որով Ամիրյանն այս ամիսներին հասցրել է աչքի ընկնել, Հայաստանի կարևորագույն պատմամշակութային օջախներն ու շինությունները զվարճանքի կենտրոններ դարձնելու վերաբերյալ մտքեր շաղ տալն է եղել: Չկա՛, չե՛ս գտնի մի լուրջ ծարգիր, որն այս ամիսներին կյանքի կոչված լինի կամ գոնե նախագծված լինի: Պարզ է, չէ՞, որ ասենք «գրաբուսների» գործարկումը, որի նպատակն իբր հասարակության շրջանում գիրք-գրականության հանդեպ գոյություն ունեցող հետաքրքրությունը խրախուսելն է կամ ինչ-որ «Մշակութային կանգառ» ծրագրի իրագործումը, ոչ մի կերպ ստրատեգիական ծրագիր կամ մշակույթի զարգացման ռազմավարական պլան չես համարի: Սրանք ավելի շատ կասկածելի բովանդակությամբ իրավիճակային լուծումներ են, որոնց իմաստն ու նպատակն, ինչպես նաև արդյունավետությունն իրականում մեծ կասկածի տեղիք է տալիս:
Մշակույթի ոլորտն այն ոլորտներից է, որում գործունեություն ծավալող ցանկացած մեկն ուղղակի պարտավոր է կրեատիվ մտածելակերպ ունենալ, ոչ թե ամեն անգամ գլուխը կախել ու ականջալուր դառնալ վարչապետի կամ նախագահի հորդորներին` «սայլը տեղից շարժելու», մշակութային կյանքն աշխուժացնելու, հասարակության լայն շերտերին նախևառաջ ազգային մշակույթին հաղորդակից դարձնելու վերաբերյալ, այլ անձամբ հանդես գալ նախաձեռնողի դերում, լինել գաղափարների յուրատեսակ ինկուբատոր: Երկրի քաղաքական ղեկավարները, որոնք առանց այն էլ հսկայական պարտականություններ ունեն իրենց ուսերին դրված, երբեք պարտավոր չեն իրենց թանկագին ժամանակը ծախսել Արմեն Ամիրյանին ինչ-որ մտքեր հուշելու կամ գաղափարներ ներշնչելու համար. նախարարի պաշտոնի գոյությունն էլ ինչի՞ համար է, մի՞թե մոգոնվել է բացառապես սրան-նրան լավություն անելու նպատակով:
Ցավոք, ստիպված ենք ամրագրել այն, որ մշակույթի հաջողված նախարարներ Հայաստանը վերջին տասնամյակներում չի ունեցել: Մշակույթի ցանկացած նախարարի թիվ մեկ առաքելությունը պետք է լինի նախևառաջ հասարակությանը հայ մշակույթին մոտ պահելը, այդ մշակույթն աշխարհով մեկ պրոպագանդելն, այլ ոչ թե իրավիճակային լուծումներ առաջարկելը, դեսից-դենից ինչ-որ մտքեր փախցնելն ու դրանք Հայաստանի վրա արհեստականորեն պրոյեկտելը. իշխանական թիմում կամա-ակամա հայտնվելը կամ մշակույթի կապիտալիզացիան չէ, որ պետք է լինեն նախարարի թիվ մեկ նպատակն, այլ` մշակութային բարձր արժեքները հանրությանը հասկանալի լեզվով պրոպագանդելը:
Ուրեմն այսպիսի մի հարց, ի՞նչ է արել Արմեն Ամիրյանը, բացի ՀՀԿ մտնելուց:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ