Այն, ինչ հիմա տեսնում եմ՝ կանխատեսելի էր ընտրություններից առաջ: Հայտարարում էին՝ միևնույն է, ընտրությունները կեղծվելու են, դեռ երևույթը տեղի չունեցած՝ ասում էին, ըստ իս՝ միայն նրա համար, որ հետո խաղալու քարտ ունենան, որ ասեն՝ բա չէի՞նք ասում, որ ընտրությունները կեղծվելու են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿԹԻ-ի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

«Երկրորդ՝ կար ընտրությունների ընթացքը նսեմացնելու, զավեշտ դարձնելու նպատակ, երբ եկավ էպոսագետը և առաջադրվեց որպես թեկնածու: Սա էլ խնդիր ուներ ամեն ինչին տալ զավեշտալի վիճակ: Վերջում էլ սիմվոլ և կենսագրություն ունեցող մարդուն՝ Պարույր Հայրիկյանին ընտրեցին՝ փորձ կար նրա միջոցով ևս տասնչորս օրով այս ամեն ինչը հետաձգելու, դեստաբիլիզացիա առաջացնելու:

Իսկ վերջում մենք գիտենք, որ անգամ չմասնակցող ընդդիմադիր ուժերը բոլոր տեղամասերում մարդիկ են տվել, մենք գիտենք, որ դրսից մի երեք անգամ շատ դիտորդ ենք հրավիրել, հիմա այս կոնտեքստում տեղի են ունեցել ընտրություններ, ոչ մի հանձնաժողով բունտ չի անում, հանձնաժողովի անդամները բան չեն ասում, հետո հարյուր քսանչորս հոգի բունտ են անում, բացում են երեքը տեղամասերից՝ ընդամենը երեք-չորս թերթիկ են գտնում, իսկ դրանք բոլորն իրար հետ գումարած լինում է 10 հազար թերթիկ, որն ընտրությունների արդյունքների վրա չէր ազդելու:

Ընտրություններն անցնում են, մարդիկ ակտերը ստորագրում փակում են, մեկ էլ անցնում է գիշերը՝ կանգնում հայտարարում են, թե կեղծված են, բա որ քցել են՝ ո՞նց եք ակտ ստորագրում, ի՞նչ է՝ հանձնաժողովի ձեր բոլոր անդամներին ծեծել ու վախացրե՞լ են, մնացած կուսակցությունների անդամներին էլ ե՞ն ծեծել»:

Ըստ Մազմանյանի՝ սա ընդամենը պրիմիտիվ փիառ տեխնոլոգիա է. «Մենք տարիների ընթացքում շատ բան ենք տեսել՝ ծեծել և ավտոբուսներով բերել լցնել, լցոնումներ անել, թույլ տվեք ասել, որ այս անգամ ամեն ինչ արդար է եղել»: