Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց «Երևանյան ամառ 2017» եռամսյա ծրագրում ներառված միջոցառումներն ու դրանց ժամանակացույցը:
Արազ Բաղդասարյանի խոսքով՝ այս միջոցառման նպատակը մեկն է՝ ավելի ուրախ դարձնել կյանքն ինչպես երևանցիների, այնպես էլ մեր քաղաք եկող զբոսաշրջիկների համար: «Միջոցառումներ իրականացվելու են Երևանի տարբեր շրջաններում՝ հաշվի առնելով քաղաքի համաչափ զարգացման ծրագիրը: Միջոցառումներն իրականացվում են ինչպես քաղաքապետարանի միջոցներով, այնպես էլ համայնք-բիզնես համագործակցության շրջանակներում»:
Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, խոսելով «Երևանյան ամառ» ծրագրի նպատակների մասին, նշեց, որ նախորդ հինգ տարիներն ապացուցում են, որ ծրագիրն իսկապես հաջողված է, քանի որ դրանց շնորհիվ Երևանը դարձել է փառատոնային քաղաք ոչ միայն երևանցիների, այլ այստեղ այցելող զբոսաշրջիկների համար: «Կավճանկար, բազմաբովանդակ խաղեր, ուրախ համերգ, այցելություններ կենդանաբանական այգի, նորամուծություն Հյուսիսային պողոտա, անակնկալներ, ֆլեշմոբեր, ավտոշոու և այլ միջոցառումներ: Ահա այն ամենը, ինչ պատրաստել է Երևանի քաղաքապետարանը երեխաների համար: Սա դեռ ամբողջը չէ. անակնկալները բազմաթիվ են լինելու ողջ երևանի տարածքում»:
24 միլիոն դրամ է բաշխվել ամռան երեք ամիսների վրա: Հենց այսքան գումար է հատկացվել «Երևանյան ամառ 2017» միջոցառման համար: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ այս գումարը ծախսվելու է Երևանի քաղաքապետարանի բյուջեի՞ց, թե՞ այն բաշխված է թաղապետարաների վրա, Ռուբեն Հովհաննիսյանը պատասխանեց. «24 միլիոոն դրամն էլ տրվելու է քաղաքապետարանի բյուջեից»:
Մեր հաջորդ հարցին՝ արդյոք այս միջոցառումները հասանելի կլինե՞ն հաշմանդամություն ունեցող երեխաների և մանկատան սաների համար, Հովհաննիսյանը պատասխանեց. «Սերտ համագործակցում ենք մանկատների հետ, իսկ այս տարի առաջին անգամ ողջ միջոցառումները հասանելի կդառնան նաև հաշմանդամություն ունեցողների համար»: