Դասադուլ՝ որպես այդպիսին, չկա, դրա ներքին ցանկություն չկա, այս ամբողջը արհեստական, տգեղ, ի հաշիվ ռեկտորների, դասախոսների հեղինակության արվող բան է: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:
Նա նշեց, որ դասադուլ անողների մեջ «դվոյեչնիկներ են», որոնք հիմա «լիկվիդներ» պետք է հանձնեին, բայց հետո կգնան եւ լրատվամիջոցներին կասեն, թե դասադուլի էին, չեն հանձնել: «Դասադուլը բեմադրած, արհեստական, գոյություն չունեցող երեւույթ է, երբ մաքսիմում 150 հոգի է, շրջելուց էլ ոչ մեկ չի ավելանում»,- նշեց նա:
Արմեն Մազմանյանը նշեց, որ սա կրթական համակարգ է,« քաղաքական մուտիլովկի դաս չէ», եւ ուսանողներն էլ եկել են սովորելու, ոչ թե դառնալու ինչ-որ մեկի քաղաքական գործիքը: Նրա խոսքով՝ դասադուլ ծրագիրը 100-150 հոգու «ռասկռուտկա է», որոնցից կեսն էլ ուսանող չէ:
«Ի՞նչ աջակցել, շան որդի, այսինքն՝ տասնապետ ես էնտեղ, ինչ-որ մեկից փող ես ստացել եւ եկել ես ստեղ մուտիտ անելու, ո՞նց եղավ, որ սա ուսանողների որոշումն է»,- անդրադառնալով դասադոևլի կազմակերպիչներից մեկի հայտարարությանը՝ արձագանքեց ռեկտորը:
Նա ասաց, որ իրենք դասադուլի մասնակցում էին, երբ դա ներսից էր կազմակերպված, «ուսանողները մտնում են ինստիտուտ եւ որոշում են, որ անում են դասադուլ եւ դուրս են գալիս, այդ պարագայում եթե ինքնաբուխ լիներ, ուսանողների ներսից լիներ, ոչ ռեկտորները, ոչ ծնողները, ոչ դասախոսները այս սերնդին, վախեցնել, կանգնեցնել եւ չթողնել գնալ իրենց ցանկությանը, անհնարին բան է»: Նա նշեց, որ իրենց սերնդի դեպքում գուցե հնարավոր լիներ կանգնեցնել, սակայն այս սերնդի դեպքում դա չի ստացվի: «Միակ բանը, որ ասել եմ, ասել եմ, որ մերոնց համար դուռը բաց է, դրսից ոչ մի հյուր դասի ժամին չենք սպասում, ով գնալու է, հիմա գնա, մնացածը նստի դասին, գնացել է մեկ-երկու հոգի, երեքներով սովորող ուսանող, բայց մյուս օրը թերթում գրել է, թե սա ինստիտուտ չի, բոլորը հարբեցող են եւ այլն»,- ասաց ռեկտորը:
Նա նշեց, որ իրենց համալսարանից դասադուլ անողներին միացել է երկու-երեք հոգի, որոնցից մեկը մուլտիպլիկատոր, համալսարանի դասախոս Նաիրա Մուրադյանի աղջիկն է: «Ես սկսում եմ ենթադրել, որ Սորոսը Հայաստանում շատ փող է թողել, եւ մարդիկ ոգեւորվում են: Ի՞նչն է դրդել ասել, չեմ հասկանում, ոչ ինձ է տեսել, ոչ իր ուսանողներին է տեսել, հնարած, ինքնաբուխ էմոցիա է, երեւի տանն է եղել, զանգել, ասել են, կարծիք է ասել»,- անդրադառնալով Նարինե Մուրադյանի տեսակետին՝ ասաց Արմեն Մազմանյանը:
Ինչ վերաբերում է դասախոսի խոսքին, թե դա համալսարան չէ, բանտ է եւ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելուն, ռեկտորը նշեց, որ «անփոխարինելի մարդիկ չկան, Նարինեի համար ինքն է կորուստ, որովհետեւ տանսյակ տարիներ ընկեր է եղել, գործընկեր է եղել, աշխատանք է ապահովել:
Նա հերքեց տարածված տեղեկությունները, թե իրենց բուհում փակել էին դռները ուսանողների առաջ, բանտ էին սարքել համալսարանը եւ այլն: «Բանտ, որտեղ դռները բաց են, աշխարհում տենց լավ , բաց դռներով բանտ գիտեք:»,- ասաց նա՝ շեշտելով, թե դռները փակ են եղել դրսից ներս եկողների համար, որովհտեւե դա պետական ինստիտուտ է, դասի ժամ է:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am