Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում կախված վիճակում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 36-ամյա Մելիք Դավիթի Խաչատրյանը:

Օրեր առաջ էլ Դավիթաշենի կամրջից երիտասարդ կինն իր մեկամյա որդու հետ էր փորձել ինքնասպան լինել, ինչը կանխվել էր միայն  ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ:

Ինչի՞ մասին է վկայում Հայաստանում ինքնասպանությունների թվի աճն ու ինչպե՞ս կարելի է կանխարգելել նման դժբախտ դեպքերը, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանից:

Վերջինիս խոսքով՝  թեև սովորաբար գարնան ամիսներին բնորոշ է լինում ինքնասպանությունների դեպքերի թվի աճը, սակայն մյուս կողմից՝ պետք է ընկալել, որ Հայաստանի համար ինքնասպանությունների այդ քանակն արդեն իսկ անհանգստացնող է. «Ինքնասպանությունների թվի աճի համար պատճառ բերել սոցիալական վիճակը կամ այլ պատճառներ՝ սխալ է, ինքնասպանությունների պատճառը ներքին ազդակներն են, որոնց էլ հաջորդում է աֆեկտիվ վիճակը: Ուստի՝ պետք է ուշադրություն դարձնել այդ նախնական ազդակներին: Ընտանիքում դա նկատում են ծնողները, դպրոցներում՝ ուսուցիչներն ու հոգեբանները, բանակում զինվորների մոտ առկա նյարդային ազդակները նկատում են այդ համակարգում աշխատող հոգեբանները»:  

Հոգեբանի խոսքով՝ հասարակությունը դեպրեսիվ վիճակների է հասնում այն պատճառով, որ խուսափում է հոգեբանական ծառայություններին դիմելուց. «Ի վերջո՝ պետք է հասարակության մեջ կոտրել կարծրատիպը և ընդունել, որ  հոգեբանին դիմելն ամոթ բան չէ: Ինքասպանությունների կանխարգելման միակ ուղին դա է»:

Խոսելով բանակում կատարվող, կամ զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց կողմից կատարվող ինքնասպանությունների մասին՝ մասնագետը նշեց, որ բանակում զինծառայողների ինքնասպանությունների պատասխանատվությունն ինչ-որ չափով կրում է պետությունը, ուստի՝ բանակում ինքնասպանությունների կանխարգելման հարցում մեծ հաշվով՝ պետական համակարգված մոտեցում է պետք. «Հոգեբանները բանակին նույնպես պետք են: Սպայական կազմի, զինվորների հետ շփվող զինվորական պաշտոնյաների հետ հոգեբանական լուրջ մասնագիտացված աշխատանք պետք է տարվի, որը նրանք կկիրառեն համապատասխան ազդակներ նկատելիս: Ուստի՝ պետությունն այս հարցում մեծ անելիք ունի, քանի որ  ուրբանիզացիայի այս ժամանակաշրջանում հոգեբանի ինստիտուտը պետք է ակտիվ գործի նաև բանակում»: 

 

Աղավնի Սուքիասյան