Ինչպես հայտնի է, օրերս նախարարի պաշտոնում վերանշանակվել էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Շատերի համար, պետք է նկատել՝ նրա վերանշանակումն իսկական անակնկալ դարձավ, քանի որ երևի թե կոռուպցիոն պատմությունների ու չարաշահումների մեջ ամենաշատն ընկած գերատեսչությունը հենց նրա կողմից ղեկավարվող նախարարությունն է հանդիսացել:

Բազմիցս է խոսվել հատկապես սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատանքում  գրանցված թերությունների, բացթողումների ու կոռուպցիոն դրսևորումների մասին: Միայն այս ողջ ընթացքում մամուլում հրապարակված նյութերի քանակը բավարար կարելի է համարել՝ լիարժեք պատկերացում կազմելու համար, թե ինչ է կատարվում այս ոլորտում: ՎՊ կողմից հրապարակված ուսումնասիրությունները, պետք է նկատել, ճիշտ է՝ ոչ լիարժեք, սակայն, այնուամենայնիվ, թվերի միջոցով որոշակի կոնկրետ պատկերացում տալիս են, թե կոնկրետ ինչ չափի չարաշահումներ են  կատարվել այստեղ:

Այսպես՝ ՎՊ համապատասխան զեկույցից պարզում ենք, որ ընդհանուր առմամբ՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզպետարանների ենթակայության՝ թվով 20 Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Ջերմուկի քաղաքային համայնքի ենթակայության Ջերմուկի Սոցիալական աջակցության տարածքային բաժնի վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 539 դեպքով ավելի քան 63,5 մլն դրամ գումարի չափով տարբեր բնույթի խախտումներ: Մասնավորապես՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի  կողմից հարակից բազաներով ՍԱՏԳ/Բ/-ներին տրամադրված տեղեկատվության իրացման վերահսկողության արդյունքում հայտնաբերված 283 դեպքերով՝ խախտումների գումարը կազմել է ավելի քան 29,5 մլն դրամ, որը տրամադրված տեղեկատվությունը ժամանակին և ամբողջությամբ համակարգ չմուտքագրելու և սահմանված կարգով նպաստի վճարումը չդադարեցնելու հետևանք է: Նշված խախտումների մեջ կան դեպքեր, որտեղ գործատուի տեղեկանքում աշխատավարձի չափը չի համընկել «Նորք» ՏՎԿ-ի կողմից տրված աշխատավարձի չափի մասին տեղեկատվությանը: ՍԱՏԳ-ները հիմք չեն ընդունել «Նորք» ՏՎԿ-ի կողմից տրված տեղեկատվությունը: Այդ մասով արձանագրվել է 28 դեպք՝ մոտ 2 մլն դրամ գումարի: Իսկ 1 դեպքում նպաստառուն իր հայտարարության համաձայն՝ չի աշխատել, սակայն «Նորք» ՏՎԿ-ի տեղեկատվության համաձայն՝ աշխատել է «ԻՄԻՋ Մ.Գ» ՍՊԸ-ում և ստացել է աշխատավարձ /Գորիսի ՍԱՏԳ/:

Իհարկե, խախտումների ու չարաշահումների  շարանը կարելի է շարունակել անվերջ, սակայն այսքանն էլ բավարար է՝ լիարժեքորեն պատկերացնելու, թե ինչ է կատարվում Ասատրյանի գերատեսչությունում, թե իրականում ինչ բարձիթողի վիճակ է, ու թե ինչ «լևի» փողեր են շրջանառվում այստեղ: Անկասկած, խիստ ուրախ կլինեինք, եթե չարաշահումների ծավալը սահմանափակվեր լոկ 63 միլիոնով, սակայն եթե միայն ՎՊ-ն է արձանագրում այսքան գումարի չարաշահում ու այն էլ՝ միայն տարածքային կառույցներում, ուրեմն որքան է իրականում չարաշահումների թիվը կազմում:

Ցավոք, ցանկացած նորմալ երկրում, ուր նախարարներն անձամբ են  պատասխանատվություն կրում իրենց նախարարություններում տեղ գտնող ամեն մի թերության կամ չարաշահման համար, Ասատրյանի պես ղեկավարին վաղուց պաշտոնանկ արած կլինեին, մանավանդ, որ երբեք էլ չարաշահումների ու ֆինանսական «մախինացիաների» պակաս այս նախարարությունում չի եղել, սակայն Հայստանում, չգիտես ինչու, նույնիսկ նոր կառավարություն ձևավորելիս անգամ չեն փորձում ձերբազատվել վաղուց իրեն սպառած կադրից, ինչը չի կարող լրջագույն մտորումների առիթ չդառնալ. այստեղ ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ