«Սնիկերս», «Մարս», «Թվիքս», «Բաունտի» և «Էմընդէմս» շոկոլադների գները շարունակում են փոփոխությունների ենթարկվել: Չզարմանաք, եթե կրպակներում քաղցրավենիքի այս տեսակների գները 10-30 դրամով բարձրացված տեսնեք:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը շրջեց խանութներով և արձանագրեց, որ, օրինակ, «Սնիկերս» տեսակի շոկոլադե փոքր սալիկները նախկին արժեքի՝ 200 դրամի փոխարեն վաճառքի է հանվել 220-230 դրամով, իսկ մեծ սալիկը` 350-ից դարձել է 380-390 դրամ:
«Թվիքս» ու «Բաունտի» սալիկների փոքր չափը նախկին 200 դրամի փոխարեն վաճառվում են 220-230-ով, իսկ մեծերը` 380 դրամով: «Էմընդէմս»-ի փոքր չափի արժեքը 220-ից դարձել է 250, մեծը` 450 -ից 480 դրամ:
Ինչպես հայտնի է, մի քանի ամիս առաջ նշված շոկոլադե սալիկների գները կտրուկ իջան, ինչին հստակ պարզաբանում չտրվեց: Օրինակ սեպտեմբերին փոքր «Սնիկերսի» գինը 250-270 դրամ էր, հոկտեմբեր ամսից այն դարձավ 190-200: Այդ նույնը վերաբերում է «Մարս», «Թվիքս», «Էմընդէմս» շոկոլադե սալիկներին:
Նշենք` ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադի) պատկանող ընկերությունն է զբաղվում շոկոլադների այս տեսականու ներմուծմամբ:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Համբարձումյանի հետ` պարզելու, թե ինչ գործոններով է պայմանավորված շոկոլադի գների կտրուկ աճը: Սակայն, ինչպես միշտ նրա հեռախոսին պատասխանում է ով ասես, բացի` պատգամավորից: Պատգամավորը մշտապես խուսափում է մեկնաբանություններ տալուց, բայց խիստ պարտաճանաչ է խորհրդարանում պատգամավոր ընկերների փոխարեն քվեարկել: Նման դեպք գրանցվեց մի քանի օր առաջ, երբ Համբարձումյանը քվեարկեց Սիթիների արքա Սամվել Ալեքսանյանի փոխարեն: