Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մասնավորեցնել 47 կազմակերպություն: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելուն կողմ քվեարկեց 58, դեմ՝ 31 պատգամավոր:

Քվեարկությունից հետո վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Նա հիշեցրեց, որ նախագծի քննարկումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնավորեցման ընթացքում ձևավորել Ազգային ժողովի պատգամավորներից բաղկացած աշխատանքային խումբ:

Ծրագրով առաջարկվում է մասնավորեցնել 47 պետական կազմակերպություն, որոնցից 23-ը ներառված են եղել դեռևս 2006-2007թթ. մասնավորեցման ծրագրում: Առաջարկվող ծրագրով կմասնավորեցվեն «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն, Տաշիրի կինոցանցի գույքը, «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ն, «Հրազդան» մարզահամալիր ՓԲԸ-ն,«Բյուրեղ» հանքային ջրերի գործարանի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասը, Ստեփանավանի օդանավակայանը, առողջապահական մի շարք կազմակերպություններ և այլն: