Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ ծանոթացել ավիացիոն ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և առաջիկա ծրագրերին: Կարեն Կարապետյանը նախ եղել է աերոդրոմային և օդային երթևեկությունների կառավարման կենտրոններում, որտեղ կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վերջիններիս գործունեության վերաբերյալ:

Վարչապետը կարևորել է նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը և հանձնարարել, հաշվի առնելով ոլորտի զարգացումները, կառավարության աշխատակազմ ներկայացնել ավիացիոն բնագավառի զարգացման հստակ առաջարկություններ:

Տեղեկացվել է, որ այժմ մշակվում է նաև փոքր ավիացիայի զարգացման ծրագիրը և այդ նպատակով գնահատվում է մեր երկրի օդանավակայանների ներկա վիճակը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով փոքր ավիացիայի պահանջարկը՝ անհրաժեշտ է ընտրել այն թիրախային կետերը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի չվերթեր իրականացնել: «Անհրաժեշտ է ըստ ուղղությունների ուսումնասիրել առևտրային փոխադրումները, հասարակական տրանսպորտի վիճակը, տվյալ ուղղության ներուժը, սակագնային քաղաքականության հնարավորությունները: Համոզված եմ, որ վաղ թե ուշ փոքր ավիացիան դառնալու է անհրաժեշտություն և աշխարհագրությունը բավականին մեծ է լինելու: Պետք է պատրաստ լինենք դրան և ունենանք զարգացման տեսլական»,- ընդգծել է կառավարության ղեկավարը և հավելել. «Ինձ շատ շտապ հարկավոր է իմանալ, թե Ստեփանավանի ու Ղափանի (Կապան) այրոպորտները կարգի բերելու համար ինչքան փող է պետք, լավագույն ինքնաթիռը որն է և որի դեպքում перевозка-ն, ինչքան կլինի»,-ասում է վարչապետը:

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման հարցին՝ վարչապետը նշել է. «Այդ ուղղությամբ պետք է իրականացնել շատ կոշտ վերահսկողություն, չպետք է յուրաքանչյուրին նույն կերպ վերաբերվել, այնտեղ նորմալ աշխատող մարդիկ էլ կան, պետք է այդ տարաջատումն անել»: Կարեն Կարապետյանը կարևորել է նաև օդանավակայանում զբոսաշրջիկներին տեղեկատվական ծառայությունների մատուցման կետերի ավելացումը, որոնք կառաջարկեն գործակալներ, թարգմանիչներ, տրանսպորտ: «Մենք պետք է մատուցենք այլընտրանքային ժամանակակից ծառայություններ»,- ասել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն տրանսպորտային երթուղու ներդրմանը և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և օդանավակայանի ղեկավարության համագործակցության հնարավորությունների վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև օդանավակայանի գործունեության ընդլայնման 2021-2023 թվականների ծրագրի նախագծին: