Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունը խզել է պայմանագիրը հաղորդավար Ռեզա Ասլանի հետ, երբ նա ոչ ցենզուրային արտահայտություն է թույլ տվել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ թվիթերյան իր միկրոբլոգում: Այս մասին հայտնում է TASS-ը:
Հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք որոշել են այլևս չերկարաձգել պայմանագիրը Ասլանի հետ:
Հաղորդավարը քննադատությունների թիրախում էր հայտնվել, երբ թվիթերյան իր միկրոբլոգում առանց ցենզուրայի արտահայտություն էր արել Թրամփի հասցեին՝ քննադատելով լոնդոնյան ահաբեկչության վերաբերյալ նախագահի արձագանքը: Ասլանը նշել էր, թե Սպիտակ տան ղեկավարն օգտագործել է ահաբեկչության դեպքը՝ արդարացնելու իր կողմից ստորագրված և դատարանի կողմից արգելափակված օրենքը, որով մի շարք՝ գերազանցապես մուսուլման բնակչություն ունեցող երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելվում էր: