Առնվազն մեկ մարդ վերքեր է ստացել Մյունխենի արվարձանի քաղաքային էլեկտրագնացքի Ունտերֆերինգ կայարանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: Այդ մասին հայտնել է դաշնային ոստիկանությունը: «Ունտերֆերինգ կայարանում ոստիկանական գործողության ընթացքում բանը հասել է հրազենի կիրառման: Տուժել է առնվազն մեկ մարդ»,-ասված է ոստիկանության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

 


Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ այժմ «իրադրությունը վերահսկվում է»: Նրա խոսքով՝ բնակչության համար վտանգ չկա: Արտակարգ պատահարի վայր են ժամանել ոստիկանության հատուկ նշանակության ուժեր, գործի է դրվել ուղղաթիռ: Bayerischer Rundfunk ռադիոկայանի տվյալներով՝ Ունտերֆերինգի ուղղությամբ շարժակազմերի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցված է:

 


Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ կայարանում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետեւանքով կարող էր վիրավորվել իրավական մարմինների աշխատակիցը: Այդ տեղեկատվությունն առայժմ չի հաստատվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: