Սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը գտնում է, որ տարվա եղանակների փոփոխության հետ կապված՝ փոխվում է նաև մարդու առողջական վիճակը՝ ձմռանն, օրինակ, նվազում է օրգանների ակտիվ աշխատանքը, իսկ գարնանը մարդու օրգանների աշխատանքն առավել ակտիվանում է՝ այդ թվում նաև սեռական կյանքի ակտիվություն է նկատվում: «Իմ կարծիքով, ամռան այս շրջանում պետք է առավել զգույշ լինեն սեռական խանգարումներից՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա առավել շատ մարդիկ գերադասում են դուրս գալ քաղաքից և իրենց հանգիստ կազմակերպել ծովափում, որտեղ բարձր է տարատեսակ  ինֆեկցիաներով վարակվելու հավանականությունը»,-նշեց Մարատ Զաքարյանը:


Սեքսապաթոլոգը նաև նշեց, որ շոգ եղանակին սեռական կյանքով ապրելն ունի նաև վտանգավոր կողմեր, քանի որ վրա է հասնում ճնշման բարձրացում, և շոգ եղանակին կատարվող ինտիմ հարաբերութունների ժամանակ հանկարծամահություն է արձանագրվում: 

Մարատ Զաքարյանի դիտարկմամբ՝ հայ կանայք սովորաբար իրենց ամուսնական կյանքում դրսևորում են պասիվություն, ինչի պատճառով էլ հայ տղամարդիկ ստիպված են լինում պակասը լրացնել այլ կնոջ գրկում և դա փաստում են սեքսապաթոլոգների մոտ այցերն ու պացիենտների բողոքները. Հայ կանանց նման պահվածքը կապված է հայ կնոջ մենթալիտետից, ստացած դաստիարակությունից, որը շատ հաճախ լինում է շատ փակ՝ հաշվի առնելով հայկական ավանդական ընտանիքն ու մեր վարքուբարքը,-նշեց Զաքարյանը:

Սեքսապաթոլոգն անդրադարձավ նաև տարածված երևույթ հանդիսացող ոգելից խմիչքների միջոցով սեռական ցանկությունը բարձրացնելու միտումին՝ շեշտելով, որ խմիչքը շատ փոքր տոկոսով է սեռական ցանկությունն ավելացնում, իսկ երբ դա չարաշահում են, հանգեցնում է լուրջ խնդիրների՝ ընդհուպ սեռական ֆունկցիաների շատ լուրջ ախտահարման:

 

Խոսելով սեռական դաստիարակության մասին՝ մասնագետը նշեց, որ այն դեռևս շատ ցածր մակարդակի վրա է գտնվում և որքան էլ խոսում են սրա անհրաժեշտության մասին, միևնույնն է, սեռական դաստիարակության  հարցում առաջընթաց արձանագրել չենք կարող: