Օրերս Կարեն Կարապետյանի կողմից Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2017-22 թվականների ծրագրի ներկայացման ընթացքում տեղ գտած առանձին դրվագներ առիթ տվեցին խոսակցությունների, որոնք վերաբերում էին հատկապես Կարեն Կարապետյանի քաղաքական ապագային: Անկասկած էր, որ համապատասխան քննարկումն ավելին էր, քան պարզապես պրոտոկոլային իրադարձություն, ու առաջ էր բերում հարցեր, որոնք լրջագույն մտորումների տեղիք ուղղակի չէին կարող չտալ՝ մտորումներ, որոնք վերաբերում էին Կարապետյանի քաղաքական ճակատագրին: Իշխանական շրջանակներում կան առանձին անհատներ, ովքեր յուրատեսակ խողովակի դեր են խաղում բարձրագույն ղեկավարության համար՝ հասարակությանն ու քաղաքական դաշտին ինչ-ինչ ուղերձներ հղելու նպատակով: Նրանք հաճախ թափանցիկ տեքստով ասում են այն, ինչ միգուցե ոմանք, պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով, չեն կարողանում իրեց թույլ տալ:

Այս իմաստով բավական ուշագրավ հարցազրույց է տվել ԱԺ նախկին խոսնակ Գալուստ Սահակյանը, ով նախ նրբորեն նկատել է, որ 2017-22 թվականների ծրագիրը 5 տարվա համար է՝ ի տարբերություն նախորդ ծրագրերի, այնուհետև վստահություն հայտնել, որ «այս ծրագրի իրագործումն անմիջականորեն կապված է մեր այսօրվա վարչապետի մասնակցությամբ և ուղղորդությամբ»: 2018-ից հետո ՀՀԿ-ն կրկին կորոշի, թե ով կլինի վարչապետ: Ես կարծում եմ, որ ծրագրի ուղղորդումը շատ դեպքերում կապված է Կարեն Կարապետյանի հետ, կարծում եմ, որ պետք է այնպես անել, որ նա մինչև վերջ այս ծրագիրն ուղղորդելուն կամ կազմակերպելուն մասնակից դառնա»,- ոչ այնքան երկիմաստ հայտարարել է Սահակյանը:

Եթե Սահակյանն արտահայտում է քաղաքական վերնախավի համընդհանուր կարծիքն, իսկ ավելի ճիշտ՝ փորձում է այդ հավաքական կարծիքը լսելի դարձնել, կնշանակի Կարապետյանին կրճատելու կամ նրան երկրի ղեկավարման լծակներից հեռացնելու մասին խոսակցությունները, որ ակտիվացան հատկապես վերջին մի քանի օրերին, չափազանցված են: Իսկ եթե չափազանցված են, ապա հարց է առաջանում, թե  այդ դեպքում որն էր ՀՀԿ-ի՝ Կարապետյանի նկատմամբ դրսևորած անհասկանալի պահվածքի պատճառը: Պատճառն, ըստ էության, Կարապետյանին հասկացնելն էր, թե, կոպիտ ասած, որը որից հետո է, նրա քաղաքական ախորժակը զսպելը: Առավելագույնն, ինչին Կարեն Կարապետյանը կարող է ձգտել, իշխանությանը մաս կազմել է, բայց ոչ երբեք ինչ-որ բարձրաստիճան մեկի տեղը զբաղեցնելը. ՀՀԿ-ն վաղուց է կողմնորոշվել իր առաջնորդի հարցում, ու դա, բնականաբար, Սերժ Սարգսյանն է:

Բայց այստեղ մեկ այլ ուշագրավ մոմենտ ևս կա. Կարապետյանի անունը շաղկապելով Կառավարության ծրագրի հետ՝ ծրագիր, որն, ի դեպ, ինչպես մի շարք անկախ տնտեսագետներ են համոզված պնդում, խիստ կասկածելի արդյունավետությամբ փաստաթուղթ է, ներկա վարչապետին կանգնեցնելու են կոտրած տաշտակի առաջ՝ առաջին պլան մղելով նրան այն ժամանակ, երբ հարկ է լինելու պատասխանատուներ փնտրելու: Այլ կերպ ասած՝ Կարապետյանին քաղաքականապես թողնելու են ձեռնունայն ու նույն Կարապետյանի հաշվին իրենք «ջրից չոր են դուրս գալու»՝ գոնե ֆորմալ կերպով. ՀՀԿ-ն կոլեկտիվ պատասխանատվություն կրելու փոխարեն Կարապետյանին է համարելու անխուսափելի ձախողումների գլխավոր մեղավոր՝ այդպիսով է՛լ ավելի ամրապնդելով Կարապետյանի դեմ ունեցած իր ճնշման լծակները:

Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է այս ամենից շահելու Կարեն Կարապետյանը: Կարապետյանն իրականում ոչինչ էլ չի շահելու ճիշտ այնպես, ինչպես և մինչև հիմա ոչինչ չի շահել՝ հանդիսանալով պետության վարչապետ. մարդն ընդամենը հավելյալ գլխացավանքի մեջ է ընկել՝ ստիպված լինելով մոռացության տալ միայն հարուստներին բնորոշ փափկասուն կյանքի գայթակղիչ կողմերը: Երևի մի քանի ժամ էլ չի կարողանում հանգիստ աչք կպցնել՝ մի բան, որից դեռևս երկար ժամանակ զրկված է լինելու:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ