Ընթացիկ տարվա ընթացքում Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունն աշխատել է առավելագույնս թափանցիկ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մենք նույնիսկ ընտրությունների օրը ժամերի տարբերությամբ հրապարակում էինք ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների տվյալներ: Այդ բոլոր հաղորդումների վերաբերյալ իրականացվել է պատշաճ հետաքննություն, ունեցել ենք հարուցված քրեական գործեր: Եթե չեմ սխալվում, Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հարուցվել է 20 քրեական գործ, 10 քրեական գործ էլ հարուցվել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:
Նա հավելեց, որ հարուցված բոլոր քրեական գործերի քննության արդյունքներով տեղաշարժ կա: «Դրանց արդյունքներով կայացվել են հիմնավոր պատշաճ որոշումներ: Հարուցված քրեական գործերից 14-ը դատարան են ուղարկվել: Այսինքն՝ առնվազն 13 անձ դատի են տրվել քրեական պատասխանատվության ենթարկվելու համար, հոգեկան հիվանդությամբ տառապող մեկ անձ էլ դատի է տրվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար: Երկու անձ էլ դատի են տրվել Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում կատարած հանցագործությունների համար»,- մանրամասնեց Արթուր Դավթյանը:
Դիտարկմանը, թե Ազգային ժողովի ընտրություններից առաջ «ՍԱՍ գրուպ» ընկերության աշխատակիցների մասնակցությամբ ժողովի հայտնի տեսաձայնագրության հրապարակումից հետո որևէ մեկը չի պատժվել, գործով մեղադրյալներ դեռևս չկան, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Որևէ անձի դատի տալը ունի օրենքով նախատեսված պայմաններ: Եթե այդ գործով երկու ամիս նախաքննություն է իրականացվում և այս պահին որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, դա օրենքի պահանջից բխող համապատասխան հետևանք է: Քանի որ հիմա այդ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, դրանով ձեռք բերված տվյալներ և այլ փաստարկներ ու հակափաստարկներ չեմ կարող հրապարակել, որովհետև դա օրենքով սահմանված արգելք է: Սակայն վստահեցնում եմ՝ երբ կկայացվեն վերջնական որոշումներ, ըստ անհրաժեշտության, դրանք շատ մանրամասն կներկայացվեն: Երբ նյութը կդառնա հրապարակային, երբ քրեական գործի քննության արդյունքներով կկայացվեն որոշումներ, այդ ժամանակ պատրաստ կլինենք մանրամասն ներկայացնել ձեռք բերված տվյալները»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը: