Արդեն երկրորդ տարին ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվող մշակութային նախագծի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերի բնակիչները հնարավորություն կունենան վայելել ջազ համերգներ, ամերիկյան ֆիլմեր, ինչպես նաեւ միասին կկազմակերպեն գրքերի ընթերցանություն:
Երեւան, Գյումրի, Վանաձոր, Իջեւան, Մեղրի, Կապան, Գորիս եւ Սիսիան. ամերիկյան շրջագայությունը ընտրել է հենց այս կանգառները, որտեղ յուրօրինակ համերգներով հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը: ԱՄՆ դեսպանատան հրավերով այս տարի Հայաստան է ժամանել ամերիկացի տաղանդավոր ջազ երաժիշտ Մայքլ Մեյոն:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով, որ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները ամուր են եւ տեւական, եւ այս շրջագայության ընթացքում հենց այս համագործակցությունն է ներկայացվելու մարդկանց:
«Մենք համատեղ մի շարք ծրագրեր ենք իրականացնում մշակույթի ոլորտում: Նպատակն է ցույց տալ Հայաստանի եւ Ամերիկայի մշակույթների նմանություններն ու ընդհանրությունները, ինչը շեշտադրում է հենց այս նախաձեռնությունը: Մեր ուշադրության կենտրոնում է ջազը՝ այդ ամերիկյան երաժշտարվեստը, որը սիրում են Հայաստանում եւ ԱՄՆ-ում, եւ ես կարծում եմ՝ հոյակապ է, որ այս երիտասարդ երաժիշտը՝ Մայքլ Մեյոն, Հայաստանում է եւ հնարավորություն ունի Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ հանդես գալու: Այսպես շատ լավ կապ է ստեղծում»,- նշեց դեսպան Միլսը:
Մաքյլ Մեյոն առաջին անգամ է Հայաստանում, եւ արդեն իսկ հասցրել է տպավորվել տեսածով:
«Ծնվել եւ մեծացել եմ Կալիֆոռնիայում եւ հայ ընկերներ եմ ունեցել, այդ իսկ պատճառով ինձ միշտ հետաքրքիր է եղել գալ, տեսնել, թե ինչպիսին է Հայաստանը»,-ասաց ամերիկացի երաժիշտը եւ ելույթից հետո հանդես եկավ երաժշտական կատարմամբ:
Շրջագայությունը բացօթյա համերգով կմեկնարկի հուլիսի 1-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում: