Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր Ազգային Ժողովում ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության 2016 թվականի կատարողականը, նշեց, որ 2016 թվականին բյուջեից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է 367 միլիարդ դրամ, որի մեծ մասը՝ 90%-ից ավելին, հատկացվել է թոշակների և նպաստների տրամադրմանը:
Հարցին՝ ինչ ծրագրեր է իրականացրել նախարարությունը քաղաքացիների զբաղվածության ապահովման համար՝ հաշվի առնելով, որ այս տարվա հաշվետվության համաձայն այս տարի ավելի շատ մարդկանց է տրամադրվել զբաղվածւթյան նպաստ, նախարարը պատասխանեց. «2016 թվականին զբաղվածության ապահովման համար իրականացվել է 2015 թվականի համեմատ 30 տոկոսով ավելի միջոցառում»:
Նախարարի այս պատասխանն, ըստ էության, չտվեց հարցի պատասխանը՝ եթե ավելի շատ մարդկանց են աշխատանքով ապահովել, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ չաշխատողների քանակն այս տարի ավելին է եղել և բյուջեից զբաղվածության համար տրվող նպաստների համար ավելի շատ միջոցներ են հատկացվել:
Խոսելով նախարարության կողից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մասին՝ նախարարը նշեց, որ որոշակի ծառայությունների մատուցումը տրվում է հասարակական կազմակերպություններին և պետական բյուջեից հատկացվում է նվազագույն աշխատավարձի համար անհրաժեշտ գումար:
Ճշտող հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ նույն հասարակական կազմակերպություններն են տարիներ շարունակ շահում դրամաշնորհները, նախարարը պատասխանեց. «Որևէ մրցույթ չենք անցկացնում և որևէ ընթացակարգ չկա, պարզապես տվյալ կազմակերպությունները տարիներ շարունակ բարեգործական կազմակերպությունների ֆինանսավորմամբ են նման ծրագրեր իրականացրել և հիմա պարզապես պետական բյուջեն իր վրա է վերցրել այդ պարտավորությունը»:
Նշենք, որ 6.6 միլիարդ դրամ է հատկացվել հասարակական կազմակերպություններին՝ սոցիալական տարբեր խմբերի հետ աշխատելու համար: