Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռերի» գործով դատական նիստն ընդմիջումից հետո մեկնարկեց, սակայն րոպեներ անց կրկին ընդմիջվեց:
Ամբաստանյալները դատավորի՝ դահլիճ մտնելու ժամանակ ոտքի չէին կանգնել, և դատավորը կրկին սանկցիա կիրառեց. «Կրկին անհարգալից վերաբերմունք դրսևորեցին դատարանի նկատմամբ: Բացի Սերգեյ Կյուրեղյանից և Արամ Մանուկյանից՝ մյուսների նկատմամբ սանկցիա կիրառել՝ հեռացնելով նիստերի դահլիճից»,- նշեց Արտուշ Գաբրիելյանը:
Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը հայտարարեց. «Իսկ դուք հարցրեցի՞ք պատճառը, թե ինչու ոտքի չենք կանգնում, կամ արդյոք Արամ Մանուկյանի ոտքի չկանգնելու պատճառն առողջական խնդիրներն են։ Դատարանին չի՞ հետաքրքրում, թե ինչու ոտքի չենք կանգնում»:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պարզաբանեց. «Եթե որևէ մեկը ունի առողջական խնդիր նախապես պետք է հայտարարի դատարանին, որ ինքն այդ պատճառով չի կարող կանգնել: Ես այստեղ տեսնում եմ Արամ Մանուկյանին, որը ձեռնափայտով է և չի կարող կանգնել»:
Սերգեյ Կյուրեղյանն իր հերթին համոզմունք հայտնեց, որ Արամ Մանուկյանը ոտքի չի կանգնում ոչ առողջական խնդիրների պատճառով: Դատավորը թույլ չտվեց ավարտի խոսքը և Կյուրեղյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ հեռացնելով դատարանի դահլիճից:
Նշենք, որ այս քրեական գործը ՊՊԾ գնդի գրավման դեպքի առթիվ հարուցված քրեական ընդհանուր գործից անջատված մասն է, որի շրջանակներում մեղադրյալները 18-ն են: Հիշեցնենք՝ մյուս վարույթի շրջանակներում մեղադրյալները 14-ն են:
Հիշեցնենք,որ «Սասնա ծռերից» 18-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբով զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել և պահել են շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ են վերցրել և պահել, հափշտակել են հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտային միջոցներ՝սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: