Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չեղյալ է համարել հուլիսի 8-ին Համբուրգում կայանալիք համերգն այդ քաղաքում անցկացվող G-20 երկրների գագաթնաժողովի պատճառով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, համերգի կազմակերպիչները հայտնել են, որ իշխանությունները մինչև հիմա երգչի ինքնաթիռի համար վայրէջքի թույլտվություն չեն տվել G-20-ի հետ կապված սահմանափակումների պատճառով:
«Կազմակերպիչները մինչև վերջին պահն ակնկալում էին, որ ամեն բան կստացվի, սակայն անորոշությունները չափազանց շատ են: Վաղ, թե ուշ պետք է կայացնեինք այս որոշումը»,- ասել է համերգի կազմակերպիչ Կարստեն Յանկեն:
Որպես համերգի անցկացման նոր տարեթիվ է դիտարկվում 2017 թվականի դեկտեմբերի 5-ը:
«Ես շատ եմ ցավում, որ չեմ կարողանա ելույթ ունենալ հուլիսի 8-ին Համբուրգում, և ես ցանկանում եմ ներողություն խնդրել իմ երկրպագուներից անհարմարության համար: Սակայն ես ուրախ կլինեմ այդ համերգը կազմակերպել դեկտեմբերի 5-ին»,- հայտարարել է Էլթոն Ջոնը:
G-20 գագաթնաժողովը կազմակերպվելու է հուլիսի 7-8-ը: