Եթե հասարակությունները պատրաստ են լուրջ գործողությունների, ապա այդ հասարկությունները փոփոխություններն անում են և՛ պառլամենտական, և՛ կիսանախագահական, և՛ նախագահական համակարգերի դեպքում։ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
«Այն երկրները, որոնց հասարակությունները թերզարգացած են, քաղաքացիական գիտակցությունը թույլ է, մարդիկ ապրում են սոցիալական վատ պայմաններում, ըստ էության, զարգացման մղում չկա հասարակության մեջ, անկախ նրանից, թե ինչ կառավարման համակարգ է, ինքն այդպես թերզարգացած էլ կմնա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պատմության փորձն է ցույց տալիս, որ, օրինակ, լատինամերիկյան բոլոր բռնապետերը նախագահական համակարգերի ղեկավարներ են եղել, քանի որ մարդիկ համատարած աղքատության մեջ էին ապրում, սակայն կապիտալիզմը զարգանում էր այդ երկրներում։
Քաղաքագետի խոսքով՝ լինի խորհրդարանական, թե նախագահական կառավարման համակարգ, դա չէ խնդիրը, այլ այն, թե երկիրը տվյալ պահին ինչ վիճակում է գտնվում։
Անդրադառնալով հարցին՝ հուլիսի 5-ը ՀՀ սահմանադրության օրն է, սակայն ի՞նչն է պատճառը, որ հայ հասարակությունը չի տոնում այն, Երվանդ Բոզոյանը պատասխանեց․
«Բոլորն էլ հասկանում են՝ Հայաստանում սահմանադրությունը թղթի կտոր է, որը կյանքում որևէ ազդեցություն չի ունեցել։ Հայաստանում ոչ թե օրենքներով են շարժվում, այլ՝ պայմանավորվածություններով ու բարքերով։ Կան չգրված ավանդույթներ ու բարքեր, որոնք էլ դոմինանտ դեր են կատարում։ Օրենքն իրենից ներկայացնում է հասարակ թուղթ, եթե մարդը մոտ է իշխող վերնախավի ինչ-որ մարդկանց հետ, ապա նա կարող է շարժվել բարքերով, իսկ եթե մարդը չունի ծանոթ-բարեկամ-ընկեր, ապա նրա հետ կվարվեն օրենքով։ Քանի որ ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ ՀՀ-ում չի գործում օրենքի գաղափարը, մարդիկ հո հիմար չեն, որ հրճվանք ապրեն այդ սահմանադրության համար ու տոնեն այն»,- նշեց նա՝ ընդգծելով, որ եթե հանրությունն ապրի բարքերով ու ավանդույթներով, և օրենքը հասկանալի լինի, այդ դեպքում կարող է տոնել սահմանադրության օրը։
Սոնա Հարությունյան