Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանն ազատվել է աշխատանքից, որի մասին Մարգարյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ մասնավորապես նշելով, որ շնորհակալ է ՀՀ վարչապետ պրն. Կարապետյանին: Նշենք, որ Աշոտ Մարգարյանը մինչ փոխնախարարը նշանակվելը վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականն էր, վարչապետի երիտասարդ կադրերից մեկը, ում հետ բարեփոխումներ կատարելու մեծ հույսեր էր կապում հենց վարչապետը:
Այս փոխնախարարի մասին հիմնական կարծիքն այն է, որ նա երիտասարդ կադր է, նրա շուրջ սկանդալներ չեն եղել, պատրաստված կադր է իսկ նպատակը` ոլորտը փոփոխությունների և զարգացման տանելն է, մի խոսքով` միայն դրական տեսակետներ էին հնչում:
Փոխնախարարի հրաժարականի դիմումից հետո տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ պաշտոնանկության պատճառը եղել է պաշտոնյայի` սահմանին լարվածության օրերին ֆեյսբուքում արված գրառումը, երբ հայկական կողմը զոհեր ուներ, երիտասարդ փոխնախարարն իր էջում ինչ-որ թեստի արդյունք էր տեղադրել, թե ինչպես է պարել սովորել անձրեւի տակ։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը Աշոտ Մարգարյանի հրաժարականի պատճառները հասկանալու և ի վերջո նրա տեսակետը իմանալու համար կապ հաստատեց վերջինիս հետ:
Մեզ հետ զրույցում արդեն նախկին փոխնախարարը նշեց, որ այն, ինչ կցանկանար ասել, արդեն ասել է ֆեյսբուքյան իր էջում արված գրառման մեջ՝ շեշտելով, որ չի ցանկանում արձագանքել իր հասցեին հնչող տարատեսակ քննարկումներին:
Նախկին նախարարի պատասխանը ներկայացնում ենք ստորև, որտեղ, ըստ էության, թեև հերքում է տարածված լուրերը, սակայն խուսափելով հստակ պատասխանից՝ փորձում է շրջանցել բուն թեման՝ որևէ բան չասելով իր պաշտոնանկության պատճառների վերաբերյալ:
«Երբ ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում էի, երբեք չէի մտածի, որ կգա մի օր ու իմ դեմ տարվող կեղտոտ քարոզչության մեջ կօգտագործեն կենսագրությանս ամենամաքուր էջերից մեկը: Գիտակցում եմ, որ մարդկանց համար առնվազն տարօրինակ է, երբ քաղաքական գործիչը կարող է պարզապես թողնել ու հեռանալ` առանց ավելորդ բաներ խոսելու: Բոլոր կեղտոտ մեկնաբանություններ ապահովող, կոնսպիրոլոգիաներ կերտող ու դիտումների հարց լուծող ուժերին` պարզապես կոչ եմ անում ունենալ չափի և բարոյականության սահման»:
Սոնա Հարությունյան