Այսօր Գերմանիայի Համբուրգ քաղաքում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, նախատեսված է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները ծրագրվում են օրվա երկրորդ կեսին, թեև մինչ այդ նրանք հանդիպելու են նույն սրահում, որտեղ մեկնարկելու է գագաթնաժողովը և որտեղ Մեծ քսանյակի երկրների ղեկավարները քաղաքական քննարկումներ են անցկացնելու։

Պուտին-Թրամփ առանձին հանդիպումը տևելու է շուրջ մեկ ժամ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Օրակարգում, ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլը, Սիրիայի և Ուկրաինայի հարցերն են լինելու նախ և առաջ, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը և պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

ՏԱՍՍ-ը հրապարակել է որոշ կետեր Կրեմլի մամուլի ծառայության պատրաստած հաղորդագրությունից, որում նշված է, մասնավորապես, որ Կրեմլն ամերիկյան մամուլի՝ ռուսական միջամտության և Թրամփի ու Մոսկվայի կապերի մասին հրապարակումներն անհիմն է համարում։