«Ինտերպոլ»-ը մերժել է Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային ձերբակալելու իրավունք տալու՝ Ադրբեջանի խնդրանքը: Այս մասին հայտնում է չեխական radio.cz լրատվական կայքը:

Ադրբեջանի կողմից այդպիսի դիմում ներկայացնելու պատճառ հանդիսացել է փետրվարին Շտետինայի այցը Լեռնային Ղարաբաղ, որի ընթացքում նա դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները:

Չեխական կողմն էլ այս առիթով հայտարարել է, իբր, Ադրբեջանն այս քայլով ցանկանում է խուսափել միջազգային հանրության կողմից իր համար բացասական արձագանքներից ու գնահատականներից:

Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 22-ին տեղեկություններ են տարածել այն մասին, թե Ադրբեջանի իշխանությունները միջազգային հետախուզում են հայտարարել Եվրամիության խորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելին (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարոսին (Կիպրոս), Յարոմիր Շտետինային (Չեխիա) Արցախ այցելելու և սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Շտետինայի վերաբերյալ դիմումի մերժումը ադրբեջանական տխրահռչակ «սև ցուցակի» ձախողումն է: