ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է ՌԴ Պետդումայի խոսնակի հայտարարությանը՝ «Ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա և չի նախատեսվում»:
Նույն առաջարկի վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ ասել է. «ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում։ Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի՝ ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում»:
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից: Ինչո՞ւ են ռուսներն ընդունել այս օրենքները: Ռուսաստանն ինքնիշխան երկիր է, ազատ՝ իր տարածքում սահմանել ու բեկանել օրենքներ: Բայց, բացի ինքնիշխան երկիր լինելուց՝ Ռուսաստանը եվրասիական տարածքը միավորող միության հիմնադիր անդամ է՝ ԵԱՏՄ-ի, որտեղ գործում են մարդկանց, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժի իրավունքները: Ի՞նչ ազատ տեղաշարժի իրավունք կարող է լինել, եթե միասնական տարածքում քաղաքացուն զրկում են աշխատանքի իրավունքից:
Ոչ ոք ոչինչ չէր իմանա Բաբլոյան-Վոլոդին երկխոսությունից, եթե տեղեկությունը չտարածեր ռուսական մամուլը՝ շրջանցելով հայկական կողմի պատասխանը, որը հերթական հաստատումն է՝ հարցը քաղաքական է, պարզապես քաղաքական շանտաժ է, որը ոչ մի կապ չունի կոնկրետ խնդրի հետ: Այսօր վարորդներն են, վաղը կարող են հետիոտները լինել: Եթե հարցը հրապարակային մակարդակում այսպիսի սրություն է ստացել, պատկերացնել կարելի է` Մոսկվան ինչպիսի ճնշումներ է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա: Կրեմլում սկսել են շատ հստակ ու պարզորոշ ազդակներ ուղարկել Հայաստան այն մասին, որ Ռուսաստանին անհանգստացնում են թե՛ Եվրամիության, և թե՛ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման հեռանկարները: Որքան մոտենում է ՀՀ-ԵՄ համապարփակ համաձայնագրի ստորագրման օրը, այնքան Մոսկվայի ջղաձգումներն ակնհայտ են դառնում: Կրեմլը լուրջ մտավախություններ ունի, որ հայաստանյան իշխանությունների համար Արևմուտքի քաղաքական և ֆինանսական աջակցությունը կարող է ավելի գրավիչ լինել, հատկապես՝ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին, երբ դաշնակից պետությունը շարունակում է զենքի մատակարարումը քո թշնամուն, իսկ ԵԱՏՄ անդամակցությունը վնասից բացի օգուտ չի բերում:
Այս պարագայում ռուսական կողմը որոշել է թիրախային հարվածել հայ հասարակության ազգային արժանապատվությանը և մեր պետականությանը անմիջականորեն վերաբերող հարցերին: Այսօր լեզուն են առաջարկում փոխել, վաղը՝ գուցե, դրամը: Ի դեպ, նման խոսակցություններ նույնպես շրջանառվում էին: Ցանկացած հայտարարություն կամ առաջարկ, որը շոշափում է այսպիսի զգայուն հարցեր, կարող է իսկապես սադրել բացասական երևույթներ, մասնավորապես՝ ուժեղացնել ապաինտեգրման փորձերը նույն Հայաստանի կողմից: Զուգադիպություն չի կարելի համարել նաև այն, որ նույն Աշոտյանը մեկ շաբաթ առաջ հայտարարում էր ԵՄ-ից՝ նաև քաղաքական աջակցության ակնկալիքների մասին, իսկ այսօր արդեն կոշտ պատասխան է տալիս ռուսական կողմի առաջարկությանը: Ընդ որում՝ ընդգծված կոշտ և հրապարակային, ինչը, թերևս, եզակի դեպք է հայ -ռուսական հարաբերությունների պրակտիկայում: Չի կարելի բացառել, որ «Արևելյան գործընկերության» մասով ռուսական կողմի վերապահումները կամ ճնշումներն են ազդակ հաղորդել այն հակամարտությանը, որ վերջին շաբաթներին նկատվում է ՀՀ իշխանությունների և ԵՄ Հայաստանի պատվիրակության հարաբերություններում: Քանի որ Հայաստան-ԵՄ փխրուն համագործակցությունը եւ դրանից օգուտները մի շարք հանգամանքներով վտանգված են, Դավիթ Հարությունյանին էլ այլ բան չէր մնում, քան օրեր առաջ խելոք ներկայանալ Սվիտալսկու հետ հանդիպմանը, որի արարքներն ու հայտարարություններն իր համար անթույլատրելի են:
Ստելլա Խաչատրյան