Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստում, որն իրավունքի ուժով կգումարվի հուլիսի 19-ին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում գործող խմբակցություններն առաջադրել են երկու թեկնածու. «Քվեարկությունն անցկացվելու է խորհրդարանում, որտեղ մեծամասնությամբ ընտրվելու է նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև նոր սահմանադրության վերջնական ուժի մեջ մտնելը»:
Խոսելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների՝Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի և գործող նախագահ Բակո Սահակյանի ընտրվելու շանսերի մասին, Շահնազարյանը նշեց. «Միանգամայն ակնհայտ է, որ գործող նախագահ Բակո Սահակյանին աջակցում են երեք խոշոր իշխանական ուժեր, որոնք մեծամասնություն են խորհրդարանում և ակնհայտ է, որ նրա վերընտրվելու հարցը կասկածից դուրս է: Այս գործընթացը որևէ կերպ չի ազդելու երկրի քաղաքական գործընթացների տրամաբանության վրա և ամեն ինչ կշարունակվի նախկին տրամաբանությամբ»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ վերջին շրջանում երկրում բավականին հետաքրքիր զարգացումներ են եղել թե՛ տնտեսական աճի, թե՛ քաղաքական զարգացումների տեսանկյունից. «Ես երեկ եմ վերադարձել Ստեփանակերտից և տեսնում եմ, որ այնտեղի բնակչությունը գոհ է տեղի իշխանություններից»,- ընդգծեց նա:
Շահնազարյանի խոսքով, քանի որ երկիրն անցնելու է նոր սահմանադրույամբ լիարժեք գործելու և Բակո Սահակյանի համար նոր փուլ է սկսվելու որպես երկրի ղեկավար, ինքն այն կարծիքին է, որ նախագահ Սահակյանին կհաջողվի այդ ամենը կազմակերպել և կառավարել երկիրը:
Նշենք՝ Լեռնային Ղարաբաղում 2017թ․ փետրվարին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում երկիրը կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարում նախագահական ուժեղ համակարգի, վերացվում է վարչապետի ինստիտուտը։ Գործող նախագահ Բակո Սահակյանի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է 2017թ․ հուլիսին, իսկ գործող խորհրդարանի լիազորությունների ժամկետը՝ 2020թ․-ին։ Մինչև 2020թ․-ը, երբ տեղի կունենան նախագահական ուղղակի ընտրություններ, Նախագահին կընտրի խորհրդարանը։
Երկու ժամկետ նախագահելուց հետո այժմ Բակո Սահակյանը հնարավորություն ունի երեք տարի նախագահել անցումային ժամանակահատվածում և ևս երկու անգամ հավակնել նախագահի պաշտոնին՝ համապետական ուղղակի ընտրություններում։
Բակո Սահակյանի թեկնածությունը պաշտպանում են Արցախում իշխող կոալիցիայի երեք ուժերը՝ «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական կուսակցությունները և ՀՅԴ-ն, իսկ Էդուարդ Աղաբեկյանին՝ «Շարժում -88» խմբակցությունը:
Սոնա Հարությունյան