Կոլումբիան երբեք չի միջամտել Վենեսուելայի ներքին գործերին եւ ցանկանում է, որ վենեսուելացիներն իրենք ելք գտնեն երկրում առաջացած իրադրությունից: Այս մասին ասված է Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)՝ հուլիսի 24-ին հրապարակված հայտարարության մեջ: Կոլումբիայի իշխանություններն այսպես են պատասխանել Վենեսուելայի ԱԳՆ-ի ղեկավար Սամուել Մոնկադայի պնդումներին այն մասին, թե ԱՄՆ-ի ԿՀՎ-ն Մեքսիկայի եւ Կոլումբիայի հետ աշխատում են Բոլիվարիական Հանրապետության «դեմոկրատական կառավարության տապալման» վրա:

Գերատեսչությունում ընդգծում են, որ Կոլումբիան իր արտաքին քաղաքականությունը կառուցում է միջազգային իրավունքի եւ իրավական պետության սկզբունքների հարգման հիման վրա: «Մենք հերքում ենք (Կոլումբիայի կողմից) Վենեսուելայի գործերին միջամտելու որեւիցե գործողությունների գոյությունը»,- նշված է պաշտոնական հայտարարության տեքստում:

Այս տարվա մարտի 31-ին Կոլումբիան կոնսուլտացիաների համար հետ է կանչել Վենեսուելայում իր դեսպանին՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունների ընդլայնման եւ խորհրդարանի գործառույթների սահմանափակման մասին՝ այդ երկրի Գերագույն դատարանի որոշումից հետո, ինչը նաեւ դարձել է գործադիր իշխանության դեմ վենեսուելական ընդդիմության բողոքի՝ վերջին տարիներին ամենախոշոր ակցիաների պատճառ, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: