Հայաստանում Gallup International Association-ի լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ամփոփել է կառավարության և վարչապետի աշխատանքի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների արդյունքները։ Նա նշել է, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը շուրջ 10 տոկոսով անկում է գրանցել: 1104 հարցումներն անցկացվել են հուլիսի 5-15-ը՝ Երևանում և մարզերում։ Ըստ հարցումների` հանրության 34,3 տոկոսը վատ, 32,3 տոկոսը շատ վատ է գնահատում երկրի տնտեսության վիճակը: 24,5 տոկոսը գոհ է ՀՀ նախագահի, 26 տոկոսը` կառավարության, 18 տոկոսը՝ ԱԺ-ի աշխատանքից: Հարցումների արդյունքներով` ամենաբարձր գնահատականը նախարարներից ստացել են Արմեն Ամիրյանը, Դավիթ Տոնոյանը` 3,4, Վիգեն Սարգսյանը` 3,2, Արծվիկ Մինասյանը` 3,1: Ամենացածր ցուցանիշը գրանցել են Վարդան Արամյանը` 2,7 և Արտեմ Ասատրյանը` 2,5: Հարցվածների 43,2 տոկոսը չի վստահում ՀՀ իշխանություններին։

Ինչ խոսք, անչափ հետաքրքիր պատկեր է ստացվել: Այլ ժողովրդավարական երկրներում, որտեղ բնակչության գրեթե կեսը անվստահություն է հայտնում իշխանություններին, վերջիններս առանց ավելորդ քաշքուկների՝ պարզապես հրաժարական են տալիս: Մեր դեպքում՝ իհարկե, նման հրաշքներ ակնկալել չի կարելի, քանի որ իշխանությունները վստահ են՝ անգամ եթե բնակչության 80 տոկոսն իր անվստահությունը հայտնի գործող ռեժիմին, միևնույն է՝ իրենք վերարտադրվելու են. «ինչքան ուզեն, այնքան էլ կխփեն»: Մեկ այլ ուշագրավ դիտարկում ևս: Նայելով հարցման արդյունքներին՝ կարելի է հեռակա կարգով համադրել նախագահի և վարչապետի վարկանիշները: Այս դեպքում Կարեն Կարապետյանը թեև փոքր, բայց ունի առավելություն Սերժ Սարգսյանի նկատմամբ: Սակայն ինչպես նա կօգտվի այդ հանրային աջակցության ռեսուրսից մինչև 2018-ը՝ դժվար է ասել, քանի որ, ըստ հարցումների՝ կայուն չէ նաև վարչապետի վարկանիշը՝ նախընտրական ակնկալիքները շատ էին, իրականությունը՝ հիասթափեցնող: Ինչ վերաբերում է նախարարներին, ապա բնավ զարմանալի չէ, որ Վարդան Արամյանը և Արտեմ Ասատրյանը հայտնվել են աուտսայդերների պատվավոր ցուցակում: Դա տրամաբանական է, քանի որ տնտեսության աղետալի վիճակը հանրությունը կապում է հենց սոցիալական և ֆինանսական ոլորտում առկա բացերի և ոչ արդյունավետ աշխատանքի հետ: Անշուշտ, այս ցուցանիշները դժվար թե մոտիվացիա դառնան նախարարների, կամ հենց նույն նախագահի համար, որպեսզի վերջիններս ավելի ջանասիրաբար սկսեն աշխատել: Իսկ պատճառը պարզ է. ժողովրդի կարծիքը մեր երկրում հետաքրքում է միայն սոցիոլոգիական հետազոտական կենտրոններին:

 

Ստելլա Խաչատրյան