Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Նախքան դատական նիստի մեկնարկը՝ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը, իր խոսքով, խուզարկության է ենթարկվել, նա կարգադրիչներին համոզելու համար և ի նշան բողոքի, որ մետաղական իր չի տեղափոխում, ստիպված է եղել պայուսակի ողջ պարունակությունը դատարկել սեղանի վրա:
Դատական նիստի ընթացքում Պավել Մանուկյանի փաստաբան Հրանտ Գևորգյանը նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին կոչ արեց դատավորին՝ ներս մտնելիս ամբաստանյալների ոտքի չկանգնելը չհամարել անհարգալից վերաբերմունք, որպեսզի դատական նիստերը կայանան:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ պաշտպանների միջոցով իրենց պաշտպանյալներին փոխանցեց, որ եթե օրենքը խախտեն, ապա սանկցիաներ կկիրառվեն:
Մեկ այլ փաստաբան՝ Հարություն Բաղդասարյանն էլ դատարանին հորդորեց բոլոր ամբաստանյալներին հրավիրել դատական նիստերի դահլիճ և «գոնե միառժամանակ սանկցիաների թարգը տալ»:
Քննության առարկա դարձավ նաև պաշտպանների բացակայության հարցը, մասնավորապես այն հարցը, որ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը 7-րդ նիստն է՝ բացակայում է դատարանի դահլիճից, իսկ քանի որ դատարանի դահլիճից հեռացվելու սանկցիայի ենթարկված Սմբատ Բարսեղյանի համար պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, ուստի դատարանը նախաձեռնել է հանրային պաշտպանի ներգրավում, սակայն ժամանակավորապես դատարանի դահլիճ ներկայացված Սմբատ Բարսեղյանը հայտարարեց, որ ինքը ցանկություն չունի այլ պաշտպան ունենալու:
Դատարան ներկայացած հանրային պաշտպան Արմինե Ֆանյանն էլ հայտարարեց, որ Բարսեղյանի կամքին հակառակ՝ չի կարող ստանձնել նրա պաշտպանությունը:
Դատարանը տեղեկացրեց նաև, որ դատական նիստը հետաձգվելու է 15 աշխատանքային օրով՝ դատարանում արձակուրդային սեզոնը սկսվելու կապակցությամբ: