Չինաստանի Հանչժոու քաղաքի (Չժեցզյանի նահանգ) բնակիչները տեղական իշխանություններին գանգատվել են ռեստորանի գովազդային պաստառի համար, որն այցելուներին զեղչ է առաջարկում նրանց կրծքի չափին համապատասխան: Այդ մասին հայտնել է BBC News-ը:
Պաստառի վրա պատկերված էին մեկը մյուսի հետեւից շարված կանայք՝ ներքնազգեստով: Նկարի տակ կար նաեւ «Ողջ քաղաքը կրծքի փնտրտուքների մեջ է» կարգախոսը: Հաստատության ղեկավարությունը առավել շահավետ զեղչեր էր խոստացել առավել մեծ կրծքով այցելուներին:
Հանչժոուի վրդովված բնակիչներն իրենց բողոքագրում նշել են, որ նմանօրինակ ակցիաները համարում են «գռեհիկ գովազդ» եւ «խտրականություն կանանց նկատմամբ»:
Պաստառները ռեստորանի ցուցափեղկին են հայտնվել օգոստոսի սկզբին: Ադմինիստրատորի հավաստիացումներով՝ ակցիայի սկզբից ի վեր հաստատությանը հաջողվել է հաճախորդների թիվն ավելացնել 20 տոկոսով:
«Մեր այցելուներից ոմանք հպարտություն են զգում, չէ՞ որ նրանք թաքցնելու բան չունեն»,-պատմել է ռեստորանի մենեջերը:
Ներկայում ակցիան կասեցված է բազմաթիվ բողոքների պատճառով: