Ադրբեջանը հզորացնում է Նախիջևանում իր ռազմական ներուժն, այս մասին Eurasianet-ին հայտնել է բրիտանական «Chatham House» վերլուծական կենտրոնի՝ Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով գիտաշխատող Զաուր Շիրիևը:
Նախիջևանը Երևանին և Հայաստանի մյուս ստրատեգիական կարևոր կետերին ամենամոտ տարածքն է Ադրբեջանի կազմում: Հետևաբար, պատերազմի վերսկսման դեպքում այն դառնալու է ամենաթեժ կետերից մեկը:
Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը Նախիջևանում ստեղծել է նոր հատուկ ստորաբաժանում՝ Ռազմական միացյալ խմբավորում: Պաշտոնական Բաքուն այնտեղ է ուղարկել հակաօդային պաշտպանության նոր համակարգեր, ինչպես նաև՝ հրթիռներ ու հրետանի, այդ թվում՝ «Սմերչ», «Т-300 Կասիրգա» և «Т-122 Սաքարյա»: Բացի այդ, Նախիջևանում ամեն տարի համատեղ զորավարժություններ են ընթանում Թուրքիայի հետ:
Ըստ աղբյուրի տվյալների՝ ներկա դրությամբ Նախիջևանում կա 20 հազար ադրբեջանցի զինծառայող, պահեստազորի հետ միասին՝ 67 հազար, ինչպես նաև 400 զրահամեքենա, ինքնաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր ու հրետանային համակարգեր: