«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր՝ օգոստոսի 17-ին, կրկին կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք նամակ են փոխանցել կառավարությանը՝ պահանջելով թույլ տալ ներդրումներ անելու պատրաստվող «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչներին՝ աուդիտ անցկացնել գործարանում: Սակայն նամակը մնացել է անպատասխան:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Թամարա Միրազիզյանը կարծիք հայտնեց՝ դրսից եկած ներդրողների ճանապարհին քար գցելու միայն մի պատճառ կա. «Արտասահմանից եկող ներդրողները թույլ չեն տա, որ Հայաստանում ինչ-որ մեկն իրենց խաբի, թույլ չեն տա, որ օրենքի խախտումներ անեն և ինչ-որ մեկը փորձի «փայ մտնել» և անօրինական քայլեր անի: Նրանք օրենքով իրենց հարկերն էլ կմուծեն, ներդրում էլ կանեն: Բայց քանի որ այստեղ վերևների մոտ «փայ մտնելու» պահը դուրս է գալիս, դրա համար իրենց ձեռք չի տալիս, որ գործարանը հենց այնպես աշխատի: Ժողովրդի լեզվով ասած` իրենց կաթը կպակասի»,- նշեց նա: 

Թեև կառավարությունը պատճառաբանում է` ի՞նչ երաշխիք կա, որ այս ընկերությունը գումարներ կներդնի, հարկեր կվճարի և նույն պատմությունը չի կրկնվի, ինչ նախորդ ներդրումներ անողների դեպքում, գործարանի նախկին աշխատակիցն այսպես մեկնաբանեց. «Եթե մեզ կարողացել են խաբել, Հայաստանում մի խելքը գլխին մարդ չկա՞ր՝ գար ասեր` ձեզ այս հարցերում խաբում են»,- ասաց Միրազիզյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում մի մարդու մատի շարժումով «Նաիրիտ»-ը կարելի է վերագործարկել:
 
«Նաիրիտ»-ի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Եվրոպացի ներդրողների նպատակը «Նաիրիտ»-ում տեխնիկական աուդիտ անցկացնելն է. «Նրանց նպատակն է՝ ծանոթանալ գործարանի տեխնիկական վիճակին: Վեց ամիս ժամանակ են խնդրում, սակայն իմ տեղեկություններով՝ կառավարությունում ասել են՝ ժամանակը երկար է: Ուրեմն թող երեք ամիս ժամանակ տրամադրեն, մեր մասնագետներն էլ կօգնեն՝ աուդիտը կանցկացվի: Կարևոր հարցն այն է, սակայն, որ ներդրողները կառավարությունից ֆինանսական ոչ մի օգնություն չեն խնդրում՝ աուդիտ անցկացնելու համար և դա անելու են իրենց հաշվին: Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կառավարության ներկայացուցիչն ասում է՝ իրենք դեմ չեն, թող գան, աուդիտ անցկացնեն, բայց այդ ընթացքում կարող է ուրիշ կազմակերպություններ հայտնվեն, որոնք ցանկանան աշխատեցնել գործարանը, սակայն այդ դեպքում չեն կարողանա: Իմ կարծիքով՝ մեկը մյուսին չի խանգարում, որ միաժամանակ աուդիտ անցկացնեն»,- ասաց նա:
 
 
Սոնա Հարությունյան