Հայաստանյան քաղաքական երկնակամարի ամենավառ ռետրո «աստղերից» մեկն էլ, անկասկած, Գալուստ Սահակյանին պետք է համարել: Ճիշտ է՝ այս պարագայում «աստղ» բառը հարկավոր է մի փոքր այլ իմաստով ընկալել, սակայն փաստ է, որ այս քաղաքական գործչի նկատմամբ առնվազն լրագրողական հետաքրքրասիրության պակաս՝ գրեթե երբեք չի նկատվել. նրանով հաճախ են զմայլվել, հիացել ու նույնիսկ տարվել` մի բան, որն, անշուշտ, ունի իր` եթե ոչ տրամաբանական, ապա առնվազն էմոցիոնալ բացատրությունը:

Հիմա չգիտես` հին օրերի կարո՞տն է ստիպել, թե՞ միգուցե ունեցած հետագա քաղաքական պլանները, սակայն փաստ է, որ վերջերս Սահակյանը բավական մեծ ակտիվություն է սկսել դրսևորել հատկապես ֆեյսբուքյան տիրույթում. գրեթե յուրաքանչյուր ժամը մեկ մի նոր լուսանկարով է կիսվում իր ընկերների հետ, անցած-գնացած օրերը վերհիշում. կարծես անում է հնարավորը` մոռացության գիրկը չընկնելու համար: 

Իհարկե, հարցը միգուցե առավելապես անհատի ազատությունների դաշտին է առնչվում. ի վերջո՝ ամեն մեկն ազատ է սեփական ֆեյսբուքյան էջը տնօրինելու յուրովի, սակայն չհամարել Սահակյանի հետ տեղի ունցողն արտասովոր, մեծագույն ցանկության դեպքում անգամ ոչ մի կերպ չենք կարող.  մարդն իր կարիերային նոր շունչ է հաղորդում` գործի դնելով 21-րդ դարի ընձեռած բոլոր հնարավոր գործիքակազմերը, ինչը, խոստովանենք, Սահակյանի պարագայում բավական ինտրիգային է: Տպավորություն է` ասես Սահակյանին աստղայինն է տարել, «սելֆիներ» է, որ մասսայականացնում է:

Կեցցե՜ երիտասարդությունը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ