Սփյուռքի ունեցած ներուժի մասին խոսել կարելի է երկար: Երկար կարելի է թվարկել այն բոլոր դիվիդենտները, որոնք կարող է բերել Հայաստան-սփյուռք բեղմնավոր փոխգործակցությունը` աշխարհաքաղաքանից մինչև սոցիալ-տնտեսական:

Թե ինչու մեզ այդպես էլ մինչև հիմա չի հաջողվում Սփյուռքի ունեցած պոտենցիալը լիարժեքորեն օգտագործել Հայաստանի Հանրապետության կայացման գործում, իհարկե, պատճառաբանել կարելի է անվերջ. Խնդիրը չափազանց ծավալուն է ու մեկ կամ երկու պրոբլեմ շեշտադրելով անհնար է խնդրի էությունը լիովին «ջրի երես դուրս բերել»: 

Շուտով հերթական համահայկական կառույցն է ստեղծվելու, որի նախաձեռնողը նախագահ Սերժ Սարգսյանն է. Համահայկական խորհուրդ է ստեղծվելու, որի հիմքում ընկած է հենց Սփյուռքի ներուժի լիարժեք ներգրավման գաղափարը:Գլխավոր հարցը,սակայն,որ այս ամենի հետ կապված առաջ է գալիս,այն է,թե հատկապես ինչն է ստիպում մեզ մի նոր գործիքակազմ ստեղծելու` հաշվի առնելով այն,որ ներկայում քիչ չէ այնպիսի կառույցների քանակը,որոնք կատարում են սփյուռքը Հայաստանի հետ կապող գործառույթ: Վերջիվերջո, չմոռանանք,որ Հայաստան-սփյուռք հարաբերությունները լավագույնս համակարգելու համար նույնիսկ առանձին նախարարություն է գործում,որի օգտակար գործողության գործակիցը,սակայն, խիստ անբավարար մակարդակի վրա է գտնվում: Սխալված չենք լինի,եթե պնդենք,որ նոր կառույցի ստեղծման դրդապատճառն իրականում ոչ թե նոր հեծանիվ հորինելն է, այլ նույն Հրանուշ Հակոբյանի ձախողումները յուրատեսակ ռեաբիլիտացիայի ենթարկելը:

Կյանքն ապացուցեց,որ միայն Սփյուռքի նախարարության ջանքերով ու մեթոդոլոգիայով, որի թագն ու պսակը պետք է,թերևս, հանրահայտ «Արի տուն»-ը համարել,որևիցե էական արդյունք ակնկալելն ուղղակի ժամանակի զուր վատնում է. օբյեկտիվորեն,թե սուբյեկտիվորեն այսօր ստիպված ենք ֆիքսել,որ որևիցե էական տեղաշարժ Հայաստան-Սփյուռք կապերում մենք չունենք,ինչը չէր կարող մտածելու տեղիք չտալ: Մի կողմից նաև բոլորի համար ակնհայտ է,որ ասենք Հրանուշ Հակոբյանին խիստ նկատողություն հայտարարելով կամ նմանատիպ քայլերով խնդիրը չէր կարող լուծվել, ինչն էլ,ըստ էության, ստիպում է երկրի ղեկավարությանն ամեն բան սկսել այսպես ասած նոր էջից. թե՛ ներսում, թե՛ դրսում վարկաբեկված կառույցն այլևս ընդունակ չէ իր առջև դրված խնդիրները պատշաճորեն լուծել:

Սակայն սփյուռքի հետ որակապես այլ հարաբերություններ կառուցելու ողջ բարդությունը կայանում է նրանում, որ միայն նոր կառույցներ ստեղծելով անհնար է լինելու շոշափելի արդյունքերի հասնել: Վերջիվերջո ի՞նչն է սփյուռքին այդքան վանում Հայաստանից և ի՞նչ պետք է անել առկա պատնեշը մեկընդմիշտ վերացնելու համար: Սրանք եթե կուզեք այն հիմնահենքային հարցերն են,որոնց հիմնավոր պատասխան չհնչեցնելու պարագայում ցանկացած կառույց,ինչ անուն էլ այն կրի, դատապարտված է լինելու ձախողման: Հետևաբար` եթե տեղի է ունենալու ընդամենը գումարելիների տեղի փոփոխություն առանց հանրագումարի վերանայման, կարելի է ասել, որ որևիցե էական տեղաշարժ գրանցելն այս հարցում գործնականում անհնար է լինելու: Ճիշտ է`միգուցե սկզբնական շրջանում նոր ձևավորվելիք խորհուրդը որոշակի հաջողություններ իր ակտիվում կկարողանա գրանցել,սակայն խորքային փոփոխություններ ակնկալել առանց վերոհիշյալ հարցերին պատասխանելու ու դրանց լուծում տալու, անիմաստ կլինի:

Իրականում Հայաստանը սփյուռքի հայերի կամ այլ ցանկացած մեկի համար գրավիչ դարձնելու միակ ճանապարհը դրա բարեփոխումն է ներսից: Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ,երբ առավել մեծ խնդիր է դարձել ներսի հայության վստահության վերականգնումը սեփական պետության նկատմամբ, քան գնացածներին հետ բերելը կամ նրանցից ինչ-որ բան ակնկալելը: Ու եթե արմատական փոփոխություններ չլինեն, հեռու չեն այն ժամանակներն,երբ հայությունն արդեն իր ամբողջի մեջ սփյուռքի կվերածվի` դրանցի բխող բոլոր հետևանքներով հանդերձ.այդ դեպքում հաստատ այլևս համահայկական կառույցների կամ,առավել ևս, սփյուռքի նախարարության կարիք չի լինի…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ