Արարատի մարզում մարզպետ Արամայիս Գրիգորյանի նշանակումից հետո սկսվեց դպրոցների տնօրենների պաշտոնանկության գործընթաց: Մասնավորապես, աշխատանքից ազատվեցին Արտաշատ քաղաքի թիվ 4, թիվ 5 դպրոցների տնօրենները: Քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մուրադյանին աշխատանքից ազատելը բողոքի ալիք բարձրացրեց: Դպրոցի աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիա իրականացրին՝ պահանջելով դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակել Նարինե Մուրադյանին:

ԼՈւՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ երեկ՝ օգոստոսի 21-ին, Նարինե Մուրադյանը վերանշանակվել է թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն, թեպետ նախկինում մարզպետարանից պատճառաբանում էին, որ Նարինե Մուրադյանի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է: 

Դպրոցի տնօրեն դեռ չի նշանակվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Այս դպրոցում արդեն ամիսներ շարունակ տնօրենի գործառույթները կատարում է ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Դավթյանը:

Մեզ հետ զրուցեցում Դավթյանը նշեց, որ ինքը նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և մինչ օրս դպրոցը չունի տնօրեն. «Տնօրենի ընտրության համար մինչ օրս որևէ մեկը համապատասխան լիցենզիայով դեռ չի ներկայացել և, հետևաբար, տնօրենի ընտրություն տեղի չի ունեցել»,-ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Մեր դիտարկմանն՝ իսկ ինքն ունի՞ համապատասխան լիզենզա, վերջինս պատասխանեց. «Բաց դա ի՞նչ է Ձեզ տալու, ինչո՞ւ եք հարցնում: Լիցենզիա չունեմ՝ կունենամ, ի՞նչ խնդիր կա այստեղ»,-ինքնավստահ հայտարարեց Արմինե Դավթյանը՝ մոռանալով, որ դա ոչ թե մեր, այլ օրենքի պահանջն է և նախքան ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելն արդեն պետք է ունեցած լիներ համապատասխան օրենքով պահանջվող  հավաստագիրը:

Նշենք, որ, ըստ ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկությունների, այս դպրոցում տնօրենի ընտրությունը ձգձգվում է, մինչ ժամանակավոր պաշտոնակատարը կարողանա ձեռք գցել իրեն այդքան անհրաժեշտ փաստաթուղթը:

Թե ինչու են ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնավարում սահմանված երեք ամսից ավելի և ինչու չի կայանում դպրոցի տնօրենի ընտրություն, մենք փորձեցինք ճշտել նաև Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից:

Վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը մեզ հետ զրույցում հերքեց  տեղեկատվությունը, թե ժամանակավոր պաշտոնակատարը անհրաժեշտ լիցենզիա չունեն. «Այո՛, նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Տնօրենի ընտրությունը, սակայն, թե երբ տեղի կունենա, չեմ կարղ ասել: Այն կկայանա եռամսյա ժամկետում և հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը կընտրի տնօրեն»,-ասաց պաշտոնյան:

Ստացվում է՝ մարզպետարանում հերքում են տեղեկատվությունը, որ ժամանակավոր պաշտոնակատարը տնօրենի հավաստագիր չունի, իսկ նույն ժամանակավոր պաշտոնակատարը հաստատում է լուրը՝ իր՝ «չունեմ՝ կունենամ» արտահայտությամբ:

 

Աղավնի Սուքիասյան