Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում ավտոբուս է այրվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լուսաղբյուր համայնքի ղեկավար Մելս Մանուկյանը:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 01:50-ին: Գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում ամբողջությամբ այրվել է «Кубань» մակնիշի շահագործվող ավտոբուսը:
Համայնքի ղեկավարը նշեց, որ ավտոբուսը պատկանում էր համագյուղացի Լևոն Պապիկյանին, ով մեծ վնաս է կրել:
«Փողոցի երեխաները որոշել են մտնել ավտոբուսի մեջ և խաղալ: Լևոն Պապիկյանի թոռնիկն ու հարևանի երկու երեխաները երեկոյան 19:00-ի սահմաններում ավտոբուսի մեջ եղեգ են վառել: Վառած եղեգի մնացորդները դրել են ավտոբուսում տեղադրված սառնարանի մեջ ու դուրս եկել: Այնուհետև քիչ-քիչ սկսել է ծխալ ու հրդեհ է բռնկվել, ավտոբուսն ամբողջությամբ այրվել է»,- ասաց գյուղապետը:
Նրա խոսքով՝ հրդեհվող ավտոբուսը նկատել է Պապիկյանը, որից հետո ժամանել են ԱԻՆ աշխատակիցները:
Նշենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:25-ին, մարվել՝ 02:55-ին:
Սոնա Հարությունյան