Այն, որ Հայաստանում բանանի ներմուծման մենաշնորհը պատկանում է «Քեթրին գրուպ» ընկերությանը, գաղտնիք չէ և հայտնի է բոլորին: Ու, թեև ԴԱՀԿ նախկին պետ և այժմյան ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը ջանք ու եռանդ չի խնայում իր ստեղծած «Քեթրին գրուպ»-ն իր անվան հետ չկապելու համար, միևնույնն է՝ բանանի մենաշնորհը հասարակությունն ասոցացնում է հենց նրա անձի հետ:
Երկար տարիներ՝ հենց այս ընկերությունն է ներկրել Հայաստանում իրացվող բանանի 90%-ը, իսկ 10%-ը բաժին էր հասել մի քանի ներկրողների, ովքեր բանան ներկրել են կիլոգրամներով:
Վերջին շրջանում, սակայն, պարզվում է՝ «Քեթրին գրուպ»-ը զիջել է դիրքերը:
Եվ այսպես՝ ըստ ՊԵԿ-ի կողմից հրապարակված ցանկի՝ 2017թ. ֆինանսական տարվա սկզբից՝ հունվար-հունիս ամիսներին, «Քեթրին գրուպը» պետական բյուջե է մուտքագրել 664,058 հազար դրամ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 110-րդ հորիզոնականը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների ցանկում «Քեթրին գրուպը»-ը զբաղեցնում էր 86-րդ հորիզոնականը՝ վճարած 699,801 հազար դրամով:
Ստացվում է՝ երկար ժամանակ բանանի շուկայում մոնոպոլ դիրք զբաղեցնող ընկերությունը սկսել է ավելի քիչ հարկեր վճարել, ինչը կա՛մ պայմանավորված է ընկերության հիմնադիր Միհրան Պողոսյանի պատգամավորական գործուներությամբ, կա՛մ ընկերության գործերն իսկապես վատացել են, դրա համար էլ սկսել է ավելի քիչ հարկ վճարել:
Այս տեսության ապացույցը 1000 խոշոր հարկատուների ցանկում 24 հորիզոնականով նահանջն է:
Հիշեցնենք, որ բանանի մենաշնորհը ճեղքելու փորձ արեց «Չոր մարքեթինգ»-ի և gg Տաքսիի հիմնադիր Վահրամ Միրաքյանն, ով ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ քանի որ մենաշնորհների վերացման ու հատկապես բանանի ներկրման թեման վերջերս շատ է շոշափվում, դրա համար էլ իր գործընկերոջ հետ որոշել է ներկրել 10 տոննա բանան: «Գնումն արված է, ARARAT TRANS-ի ֆուռն արդեն գալիս է դեպի Հայաստան»,-հայտնել էր Միրաքյանը:
Ֆուռը հասավ Հայաստան, որից հետո, սակայն, ոմանք կիսլատա լցրեցին այն սառնարանների վրա, որտեղ պահվում էր ներկրված բանանը. «Գիշերն եկել, մեր սառնարանների կոմպրեսորների վրա կիսլատա են լցրել։ Չգիտեմ ովա արել, բայց իրենց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում։ Լավ իմացել են՝ ինչ են անում, ամենակարևոր տեղերում են լցրել կիսլատան»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր Միրաքյանը՝ հայտնելով , որ ոստիկանությունն ակտիվ աշխատանք է տանում հանցագործներին բացահայտելու ուղղությամբ: