Այսօր` օգոստոսի 24-ի կեսգիշերին անհայտ անձի կողմից դանակահարվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ, Ոստիկանության մայոր Հակոբ Մկրտչյանը։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանությունից:

«Մասիսի հիվանդանոցից ժամը 02:50-ին, հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հ.Մ-ն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չի եղել բացատրություն տալու»,- ասացին Ոստիկանությունից: 

Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Նորագավիթում. Հ. Մկրտչյանը փորձել է կանխել բռնկված վիճաբանությունը և դանակահարվել է։  Նրան Մասիսի հիվանդանոց է տեղափոխել եղբայրը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Վիրահատությունը տևել է մի քանի ժամ, բժիշկները հեռացրել են փայծաղը և վիրահատել են թոքը։

Հակոբ Մկրտչյանը վերջերս է ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել նշված պաշտոնին։ Մինչ այդ, նշված պաշտոնում աշխատում էր Արթուր Վանոյանը, ով սպանվել էր ՊՊԾ գունդը «Սասնա Ծռեր»-ի անդամների կողմից գրավելու ժամանակ: