Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը շատ դրական է համարում այն, որ ԱՄՆ-ն ակտիվ զբաղվում է Արցախյան հարցով, քանի որ եթե միայն Ռուսաստանը կարգավորի այն, մենք կկորցնենք Արցախը:
«ԱՄՆ-ն Ադրբեջանին ասում է՝ դուք ասում եք զորքերի դուրսբերում, մենք ասում ենք՝ Մադրիդյան սկզբունքներ, որոնք Արցախի հիմնահարցի կարգավորման հիմքն են և քայլ առ քայլ պետք է գնալ դրան: Սա շատ դրական է մեզ համար, քանի որ Ադրբեջանի միակ մտադրությունը միայն ու միայն Արցախից տարածքներ վերցնելն է: Հոգլանդի ասածն այն է, որ Արցախի կոնֆլիկտը տարբերվում է մյուս կոնֆլիկտներից, քանի որ կա պատմություն և այստեղ առաջնային է ինքնորոշման իրավունքը»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ստեփան Գրիգորյանը:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ-ի ակտիվությունը Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ, Ստեփան Գրիգորյանն ասաց, որ այս ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ նոր նախագահը հանրապետական է, իսկ հանրապետականները մշտապես ակտիվ են արտաքին քաղաքականության մեջ և ուշադրության կենտրոնում են պահում ռուս-թուրքական սիրախաղը:
Քաղաքագետի խոսքով՝ այս պահին բանակցությունների համար հող են նախապատրաստում, և Հոգլանդը ակնարկեց, որ պետք է նախ փաստաթղթի կետերի շուրջ բանացելու ցանկություն լինի, ինչն այս պահին չկա, քանի որ Ադրբեջանը բանակցելուց առաջ պայման է դնում՝ պահանջելով զորքերը դուրս հանել:
Բանախոսից հետաքրքվեցինք՝ արդյոք բանակցությունների վերսկսումը այս փուլում կարո՞ղ է առաջընթաց գրանցել հարցի կարգավորման գործընթացում. «Ադրբեջանն ընդհանրապես չի ցանկանում բանակցել, Մամեդյարովն ամեն անգամ Նալբանդյանի հետ հանդիպելիս առաջինը պահանջում է դուրս բերել Արցախից զորքը, ուստի՝ ստեղծված պայմաններում մեզ ձեռնտու է, որ մի քանի խաղացող մտնի դաշտ, ինչն արդյունավետ կլինի բանակցությունները վերսկսելիս»: