Շուշի քաղաքում տեղի ունեցավ երկրապահական ուխտագնացության մայր միջոցառումը, որին ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, Պարգև և Եզնիկ սրբազանները, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Օգանովսկին, Արցախի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, արցախցիներ և այլք:

Էջմիածնի քաղաքապետարանի մշակույթի պալատի խմբերն ապահովեցին միջոցառման երաժշտական հատվածը իրենց հայրենասիրական երգերով և պարերով: Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր խոսքում ևս մեկ անգամ բարձր գնահատեց երկրապահի և Մանվել Գրիգորյանի կատարած աշխատանքը և ավանդական դարձած ուխտագնացությունը: Նախագահը բաժակ բարձրացրեց հոգևոր դասի ներկայացուցիչներ Պարգև և Եզիկ Սրբազանների համար, քանի որ վեջիններս են օրհնում ուխտավորներին:

Միջոցառման ժամանակ սրտաբուխ խոսքեր էին ասում բոլորը՝ ազատամարտիկները, մտավորականները հոգևորականները, երկրապահ կամավորականները: Իսկ պատանի երկրապահները հանդես եկան ցուցադրական ելույթներով՝ մինչ ուշ գիշեր Արցախ աշխարհը լցնելով ազգային երգ ու պարով, խինդ ու ծիծաղով, ազատագրված հայրենիքում ապրելու հաստատուն վստահությամբ ու նահատակների կյանքի և իրենց սխրանքների գնով ձեռք բերած հաղթանակը հավերժ պահպանելու հավատով:

Երկրապահական ուխտագնացություն դեպի Արցախ 2017-ը հաջողությամբ իրագործված է: Հանրապետության բոլոր մարզերի և Արցախի երկրապահներն ու սահմանաբնակ երկրապահ ժողովուրդն անհամբեր սպասում են ուխտագնացություն 2018-ին, թեպետ մինչ այդ էլ հանդիպումների առիթներ լինելու են: Իսկ ուխտագնացություն երևույթի նշանակությունն ու կարևորությունը լավագույնս ներկայացրեց հենց այս իրադարձության հիմնական կազմակերպիչը՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը։

«Արցախը մեր ապրած հայրենիքն է որի ամեն մետրի վրա պատմություն կա: Մենք ամբողջ աշխարհին ուզում ենք ասել, որ մենք կանք, լինելու ենք ու շարունակելու ենք ապրել: Սա միասնության ձևաչափ է»,- նշեց Մանվել Գիգորյանը: Նա հերթական անգամ կրկնեց, որ Երկրապահը 1989թ.-ից Արցախում է և երբեք չի լքելու Արցախը. արցախցին միշտ էլ կարող է վստահել և ապավինել Երկրապահին:

Քրիստինա Աղալարյան

Արցախ