Կիոկուշին-կան կարատե-դո Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր ներկայացուցիչ Սևակ Սերոբյանի նախաձեռնությամբ Կիոկուշին-կան կարատե-դո մրջազգային ֆեդերացիայի թույլատրությամբ Հայաստանում երկօրյա դասընթացներ անցկացրեցին Ճապոնիայի և աշխարհի չեմպիոններ Յուտա Ինոուեն և Տակու Յոկոզավան:
Ճապոնացի վարպետները դասընթացներն անցկացրին Ծաղկաձորում, որոնց մասնակցեցին 85 սան: Դասընթացների երկրորդ օրը երեխաներից 7-ը հանձնել է նաև սև գոտի առաջին դանի որակավորման քննություն և ստացել վկայական Ճապոնիայից՝ միջազգային ֆեդերացիայի կողմից (Ջավոյան էրիկ, Մարկոսյան Դավիթ, Դավոյան Տիգրան, Մուրադյան Հովիկ, Մխոյան Վահե, Ավետիսյան Վահե, Ավետյան Գոռ):
Լուրեր.com-ի թղթակիցը զրուցեց Սևակ Սերոբյանի և ճապոնացի աշխարհի չեմպիոնների հետ:
Սենսեյ Յուտա Ինոուեն հաճելիորեն զարմացած էր երեխաների պատրաստվածության մակարդակից, մեր զրույցում նկատեց, որ այն ավելի բարձր էր, քան ակնկալում էր:
«Իհարկե, եթե համեմատենք Ճապոնիայի հետ, տեխնիկական որոշ բաներ կային, որոնք չէին ստացվում երեխաների մոտ: Բայց նկատեցի, թե որքան նվիրվածությամբ և լրջությամբ էին երեխաները լսում ու կատարում մեր ասածները: Այն շարժումները, որոնք առաջին օրը չէին կարողանում անել, երկորդ օրն անպայման կարողանում էին ներկայացնել: Տեսնելով, թե ինչպես են նրանք կիհոն անում, հասակացա, որ սենսեյ Սևակը Ճապոնիայում ձեռք բերած ողջ գիտելիքները փոխանցում է նրանց»:
Ինոուեն առանձնացրեց նաև հայ երեխաների աշխատասիրությունն ու եռանդը՝ հավելելով, որ դասընթացները սև գոտու համար էին և ուղղված էին երեխաների տեխնիկայի մակարդակի բարձրացմանը:
«Առաջին անգամ ենք Հայաստանում: Եվ զարմանալի էր այն, ինչ տեսանք. նրանք նույնիսկ մեզնից շատ են կարատեն սիրում: Ամբողջովին այդ ոգով են տոգորված: Զգացինք, թե որքան նվիրված են պարապում: Ինքներս էլ հասկացանք, գիտակցեցինք, որքան կարևոր է այդ եռանդը»:
Ճապոնիայի չեմպիոնը հույս հայտնեց, որ իրենց տված գիտելիքները երեխաները կտանեն իրենց դոջո և իրենց մակարդակը կբարձրացնեն:
«Մեր հաջորդ դասընթացների ժամանակ կկարողանանք էլ ավելի հեռուն գնալ և ավելի շատ բան սովորեցնենլ նրանց»,- ավելացրեց Ինոուեն:
Համեմատելով մարզաձևը Հայաստանում և արտերկրում՝ միջազգային փորձ ունեցող Ինոուեն նկատեց, որ տարբերությունն այնքան էլ մեծ չէ և որ երկրում էլ իրենք եղել են, բոլորն էլ ցանկացել են ճապոնական մարզաձևի էությունն ու ոգին սովորել հենց ճապոնացուց:
Զրույցի ընթացքում սենսեյ Ինոուեն չմոռացավ խորհուրդ տալ մարզաձևի նորեկներին:
Հիշելով իր անցած ուղին, վարպետը նշեց, որ չեմպիոն միանգամից չեն դառնում, հաղթահարում են բազմաթիվ փորձություններ, և կոչ արեց երիտասարդներին ոչ մի դեպքում չթողնել կարատեն և եթե անգամ հանդիպեն որևէ արգելքի, ապա անպայման վերհիշեն, թե ինչի՞ համար են կատարել առաջին քայը այս մարզաձևում և շարունակեն աշխատել՝ անկախ ամեն ինչից:
«Ճանապարհը կիսատ չթողնելու ու շարունակելու խորհուրդը ոչ միայն կարատեում, այլև, ընդհանրապես, կյանքում է կարևոր: Սա ուժ է տալիս և կյանքի ճանապարհին հզոր զենք է դառնում»,- հավելեց սենսեյը:
Մեր մյուս զրուցակից Տակու Յոկոզովան էլ իր հերթին հավելեց, որ իր ուսուցիչը Իշիջիմա Շիհանն է՝ մարդ, ով կատարելապես տիրապետում է Իայ, Ջո և այլ մարտարվեստների:
Յոկոզովան ասաց` ուրախ է, որ կարողանում է իր իմացածը սովորեցնել մյուսներին:
Զրույցի վերջում հյուրերը կիսվեցին Հայաստանից ստացած ջերմ տպավորություններով: Մեր հայրենիքի մասին բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ խոսեց Յուտա Ինոուեն, նշելով, որ մինչ այստեղ գալը չգիտեր, թե ի՞նչ երկիր է Հայաստանը: Այստեղ շատ բան է հասկացել.
«Մտածելակերպս180 աստիճանով փոխվեց: Հանդիպեցի այստեղի մարդկանց: Ամեն ինչ շատ հաճելի էր: Հայաստանում շատ գեղեցիկ վայրեր կան, որ Ճապոնիայում չկան: Շատ երկրներում եմ եղել, բայց Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ կցանկանայի ապրել, այստեղ բնությունը հիասքանչ է: Իսկապես սիրեցի այս երկիրը»:
Տակու Յոկոզավան էլ Հայաստանի մասին խոսելիս անմիջապես անդրադարձավ հայերի հյուրասիրությանը: Բարձր տրամադրությամբ պատմեց, թե ինչպես է հայերի հետ մինչ ուշ գիշեր խմել և չմոռացավ խոսել նաև մի անծանոթ երեխայի մասին, ով հյուրանոցում իրեն պիցցա է հյուրասիրել. «Հայերը շատ ջերմ են վերաբերվում ինձ: Այնպիսի տպավորություն է, որ հայ եմ դարձել»,-ոգևորությամբ ընդգծեց զրուցակիցս:
Խոսելով այս դասընթացների կարևորության մասին՝ Կիոկուշին-կան կարատե-դո Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր ներկայացուցիչ Սևակ Սերոբյանը ընդգծեց դրանց կարևորությունը և հավելեց, որ ցանկանում էր՝ Հայաստանի երեխաները գիտելիքներ ստանան հենց ճապոնացի վարպետներից:
Նրա խոսքով՝ վարպետները աշխատեցին մեծ ջանասիրությամբ, ինչի համար էլ նա իր շնորհակալությունը հայտնեց ճապոնացի գործընկերներին:
«Սեմինարները բավականին հագեցած էին: Ինքս էլ շատ բան սովորեցի: Ուրախ եմ, որ համագործակցում ենք Կիոկուշին կան կարատե-դո միջազգային ֆեդերացիայի հետ: Ամեն ինչ փորձում ենք անել այս մարտարվեստը Հայաստանում զարգացնելու համար»,-իր երախտիքի խոսքն այսկերպ ճապոնացի չեմպիոններին հղեց ֆեդերացիայի նախագահը և հենց այս խոսքերով էլ ավարտեցինք զրույցը ճապոնացի հյուրերի հետ:
Ի դեպ, չեմպիոնները դեռ պետք է շարունակեն բացահայտել Երևանն իրենց համար...
Հարցազրույցը՝ Լիանա Թորոսյանի