Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մաջա Կոզյանցիչը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում անդրադարձել է «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալությանը:
Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Եվրամիության պաշտոնյան նշել է, որ Մեհման Ալիևի ձերբակալությունը մտահոգություն է առաջացնում Ադրբեջանի մամուլի ազատության վերաբերյալ:
Կոզյանցիչը հիշեցրել է, որ մայիսին Բաքվի դատարանը արգելեց 5 ինտերնետային լրատվամիջոցների գործունեությունը:
«Ժամանակակից հասարակություններում առանց անկախ և բազմազան մամուլի գործունեության հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն և ակտիվ քաղաքացիական հասարակություն»,- ասել է նա:
Քննադատելով և մտահոգություն հայտնելով Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ նա հույս է հայտնել, որ քայլեր կձեռնարկվեն իրավիճակը փոխելու ուղղությամբ:
«Մենք, որպես մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպական կոնվենցիան ընդունած կողմ, հույս ենք հայտնում, որ Ադրբեջանը կկատարի արտահայտման և տեղեկատվության ազատության վերաբերյալ 10-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունները»,- եզրափակել է նա:
Ադրբեջանի Հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունում:
Մինչ այդ, գործակալությունում հարկային աուդիտ էր մեկնարկել: Աուդիտի արդյունքում հարկայինը «Թուրան»-ին ներկայացրել էր 37 հազար մանաթի պարտք, որը գործակալությունը պետք է վճարի: Հարկայինի հիմնավորմամբ` գործակալությունն իր եկամուտները քիչ է ցույց տվել, որպեսզի քիչ հարկ վճարի: «Թուրան» գործակալությունն իր հերթին հայտնել էր, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են «Թուրանի» գործունեության խափանմանը: Հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը 2017-ի օգոստոսի 7-ին «Թուրան» գործակալության դեմ քրեական գործ էր հարուցել և նախաքննություն էր ընթանում: