Գործադիրի օգոստոսի 31-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Կառավարության համաձայնությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախարարության ենթակայության տակ գտնվող «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ննջարանային մասնաշենքն ապօրինի զբաղեցրած անձանցից տարածքն ազատել:
Ըստ նախագծի հիմնավորման՝ առաջարկվում է այս շենքում առանց օրինական հիմքի բնակվող 9 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով նրանց ցուցաբերել ֆինանսական աջակցություն՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Կառավարությանն առաջարկում է այս ընտանիքիներին տրամադրել 1, 2 և 3 սենյականոց բնակարաններ ձեռք բերելու համար գումար՝ համապատասխանաբար հատկացնելով 1 սենյականոց բնակարանի համար՝ 9.323,6 հազար դրամ, 2 սենյականոց բնակարանի համար՝ 13.985,4 հազար դրամ, 3 սենյականոց բնակարանի համար՝ 18.647,2 հազար դրամ:
ԼՈւՐԵՐ.com-ին հետ զրույցում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը նշեց, որ այս 9 ընտանիքները տարիներ շարունակ ապրել են ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ կենտրոնի ննջարանային մասնաշենքը եղել է անմխիթար վիճակում. «Այստեղ արդեն 20 տարի է՝ ապրում են փախստականներ և ընտանիքներ, որոնք այստեղ են եկել Գյումրու երկրաշարժից հետո: Այս ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու և բնակարաններով ապահովելու հարցը նախկինում էլ է քննվել Կառավարությունում, սակայն այդպես էլ վերջնական արդյունք չի արձանագրվել: Հիմա, փաստացի, կլուծվի անօթևան ընտանքիների համար այդքան երկար սպասված հարցը»,-նշեց ՊՈԱԿ-ի տնօրենը:
Հարցին՝ արդո՞ք այս ընտանքիների հեռանալուց հետո շենքի այդ հատվածը կծառայի ինչ-որ նպատակի, Սամվել Խաչատրյանը պատասխանեց. «Մասնաշենքն այն վիճակում է, որ ոչ մի բանի համար պիտանի չէ»:
Նշենք՝ ըստ նախարարության հիմնավորման՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ընդունվելու համար նախարարությունում հաշվառված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շուրջ 50 անձ և, հետևաբար, նախատեսվում է ազատել կազմակերպության ննջարանային մասնաշենքը, ընդլայնել շահառուներին մատուցվող ծառայությունները և կազմակերպությունում խնամվողների տեղերն ավելացնել առնվազն 50-ով:
Փաստորեն, տասնյակ տարիներ հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց հետ ճարահատյալ նույն շենքում ապրող հոգեկան առողջության խնդիր չունեցող, բայց անօթևան քաղաքացիների հարցն այդպես էլ չէր լուծվի, եթե մեր երկրում հոգեկան առողջության խնդիր ունեցողների թիվը չավելանար՝ հասնելով 50-ի:
Սա այն դեպքն է, երբ ստիպված ես ասել, որ հենց այս հիսունը պատճառ դարձան, որպեսզի լուծվի անտուն մնացած 9 ընտանիքների բնակարանների տրամադրման հարցը...
Լուսանկարը՝ Հետք.am-ի
Աղավնի Սուքիասյան