«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի համոզմամբ՝ Արցախն անկախ հռչակելու հիմնական նպատակը եղել է Արցախի ուղղությամբ քաղաքական, ռազմական և տնտեսական հարվածները շեղելը, ինչը, սակայն, այդպես էլ իրականություն չդարձավ, քանի որ Արցախն այսօր գտնվում է տնտեսական շրջաջափակման մեջ:
«Արցախն այսօր ենթարկվում է ռազմական հարվածների, տեսեք՝ ինչպես են գնդակոծվում Հայաստանի սահմանամերձ տարածքները: Այս ամենին ավելանում է նաև Նախիջևանում ստեղծված վտանգավոր վիճակը. այնտեղ կուտակումներ են և այս պահին շատ մեծ է ռազմական բախումների հավանականությունը»,-ասաց Արա Պապյանը, հիշեցնելով, որ մինչ օրս Արցախում կռվողներն ու զինվորները Հայաստանի քաղաքացիներն են, իսկ եթե Արցախն ունենար իրական անխախություն, ապա իրավիճակն այսպիսին չէր լինի:
Քաղաքագետը հարց հնչեցրեց՝ այսքանից հետո արդյո՞ք Արցախին պետք է այդ ձևական անկախությունը, քանի որ գնալով անջրպետ է առաջանում հայերի և արցախցիների միջև. վերջերս շատ հաճախ է հնչում ղարաբաղցի բնորոշումը:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ստեղծված իրավիճակում ո՞րն է Արցախյան հիմնահարցի լուծման հավանական, իրականությանը մոտ լուծման ուղին, քաղաքագետը պատասխանեց. «Որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը: Հակառակ պարագայում՝ Բակո Սահակյանը, եթե համարում է, որ Արցախն անկախ է, պետք է Սերժ Սարգսյանին թույլ չտա բանակցել իր փոխարեն»:
Պապյանի բնորոշմամբ՝ Արցախի անկախության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ Արցախը դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ, ինչն այս պահին չունենք:
«Լեռնային Ղարաբաղը պետություն չէ այնքան ժամանակ, քանի դեռ չկա միջազգային ճանաչում, չկա միջազգային իրավունքի սուբյեկտ»:
Քաղաքագետն անօգուտ է համարում Արցախի խնդրի շուրջ բանակցություններն արդեն երկար տարիներ ընթացող ձևաչափով, քանի որ սա բերելու է մի իրավիճակի, երբ մենք Ադրբեջանին ենք տալու վեց և ավելի շրջաններ, փոխարենն ունենալով այդ երկարացված սահմանը պահելու անհրաժեշտություն: Դա արնաքամ է անելու Հայաստանը. «Պետք է փոխել բանակցությունների հիմքը, մենք ինչո՞ւ պետք է բանակցենք Խորհրդային միության ստեղծած անօրինական փաստաթղթի շուրջ: Պետք է կոմունիստների արածը համարել անօրինական: Եթե այսպես չենք վարվում և չենք փոխում բանակցությունների հիմքը, ապա ունենում ենք ազգակործան քաղաքականություն: Ես հարց եմ հնչեցնում. ո՞նց ենք պահելու երկարացված ռազմաճակատային գիծը: Մենք այդքան զինվոր չունենք: Արնաքամ ենք անելու Հայաստանը: Ի՞նչ է, հույսները դրել են խաղաղապահների վրա՞»,-հարցեր հնչեցրեց քաղաքագետը՝ նշելով, որ փոխզիջումը, որի շուրջ հիմա բանակցում է ՀՀ իշխանությունը, կործանարար է լինելու Հայաստանի համար:
Աղավնի Սուքիասյան