Գաղտնիք չէ, որ ներկայում հանրապետությունում բազմաթիվ առաջնային նշանակության խնդիրներ կան չլուծված. պրոբլեմներ, որոնք իրենց լուծմանն օր առաջ են սպասում, բայց որոնք այդպես էլ լուծում չեն գտնում: Թե ինչի արդյունք է այս ամենը, թերևս, կարելի է միայն ենթադրել ու բազմաթիվ վարկածներ առաջ քաշել, բայց այն, որ նման իրավիճակը հետևանք է նաև առաջնայինը երկրորդականից չտարբերելու, կասկածից վեր է:

Ահավասիկ, պարզվում է` Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն «ափալ-թափալ» ձեռնամուխ է լինում աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների «գլուխն ուտելուն» միտված յուրատեսակ պրոցես սկսելուն: Մասնավորապես` արդեն հայտնի է դարձել, որ ավտոմեքենաների ոլորտի խնդիրների վերաբերյալ աշխատանքային խումբ է ձևավորել, որն ակտիվ աշխատում է օրենսդրական փաթեթ ներկայացնելու ուղղությամբ: Այդ ընթացքում էլ պատրաստվում են դիմել Ճանապարհային ոստիկանությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Ֆինանսների նախարարությանն ու այլ շահագրգիռ կողմերին՝ համապատասխան խնդրով: Ասել կուզի` քիչ-քիչ գալու են նրան, որ ինչ-որ մի պահից՝ աջակողմյան ղեկով մարդատար մեքենաներն արգելվեն:

Հիմա այս ամենի հետ կապված մի հարց է առաջ գալիս` մի՞թե նախարարության այս նախաձեռնությունը Հայաստանի համար այդչափ գերկարևոր նշանակություն ունեցող խնդիր է, որ Վահան Մարտիրոսյանը, թողած իր բանուգործը, ընկել է ու փորձում է աջակողմյան ղեկով մեքենաների վերջը դնել: Ուշագրավն այստեղ այն է, որ հասարակությունն, ում բարօրությանն ու անվտանգությանն է իբր միտված այս նախաձեռնությունը, բացարձակապես չի նեղվում այն իրողությունից, որ ձախակողմյան ղեկով մեքենաներին զուգահեռ՝ երթևեկում են նաև աջակողմյան ղեկով փոխադրամիջոցներ: Այսինքն` ինքը` հասարակությունը, նման խնդիր չի տեսնում: Եվ ուրեմն` ինչո՞ւմն է խնդիրը… Միգուցե Վահան Մարտիրոսյանի համար շատ ավելի օպտիմալ տարբերակ կլիներ սեփական աշխատունակությունն ապացուցելու շատ ավելի ճիշտ գործիքներից օգտվե՞լը: Ասենք` ինչո՞ւ պետք է Երեւան-Սևան միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկ տարուց ավելին տևեին այն պարագայում, երբ նույն Մարտիրոսյանը ժամանակին խոստացել էր` մեկ տարի էլ չի անցնի, ու ճանապարհը երթևեկելի կլինի: Նմանատիպ օրինակներ` որքան ասես…

Միգուցե արժեր այս խնդիրները լուծել և հետո՞ միայն անցնել աջակողմյան ղեկի թեմային: Չլինի՞ ինչ-որ մեկի բիզնեսին խփել են աջակողմյան ղեկով ավտոմեքենաները, թեմայի շուրջ արհեստական օրակարգ ձևավորելը մի տեսակ կասկածելի է թվում, այնպես չէ՞:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ