ՀՀ կառավարությունը պետական եկամուտների կոմիտեի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով պահուստային ֆոնդից հատկացրեց 1 մլրդ 665 մլն 144,3 դրամ: Միջոցները կուղղվեն ՊԵԿ աշխատողների աշխատավարձերի, պարգևատրումների, դրամական խրախուսումների համար: Ըստ հիմնավորման, 2017թ. մայիսի 18-ի որոշմամբ կառավարությունը վերակառուցել է ՊԵԿ համակարգը, տարածքային ստորաբաժանումները վերակազմավորվել են որպես ՊԵԿ-ի վերադաս մարմնի ստորաբաժանումներ՝ հարկային տեսչություն-վարչություններ և վարչություններ, որի հետևանքով տեղի է ունեցել աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում:

Արդյունքում 2017թ.-ի տարեսկզբին հաստատված աշխատավարձի ֆոնդը 389.203,5 հազար դրամով չի բավականացնում մինչև տարեվերջ աշխատավարձ (հիմնական աշխատավարձ, հավելավճարներ և արձակուրդային վճարներ) վճարելու համար: Դա հետևանք է նաև 2017թ.-ի ընթացքում ազատված աշխատակիցներին նախորդ տարիների չօգտագործված արձակուրդների օրերի դիմաց վճարված դրամական հատուցումների (վերջնահաշվարկների): Որոշումը պայմանավորված է նաև ՊԵԿ-ի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին տարեսկզբից սահմանված պարգևատրումը մինչև տարեվերջ վճարելու համար, որը կնպաստի նաև ՊԵԿ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Արդյունքում նախատեսվում է ունենալ ժամանակակից պահանջներին բավարարող հարկային և մաքսային համակարգեր, որոնք պետք է համապատասխան կարողություններ ունենան պետական եկամուտների ապահովման, ստվերային տնտեսության կրճատման համար և լինեն տարածաշրջանում, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում մրցունակ՝ նպաստելով գործարար միջավայրի բարելավմանը: