ՀՀ պաշտպանության նախարարությունը դրական է վերաբերվում ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` պայմանագրային զինծառայողներին գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու օրենսդրական նախաձեռնությանը:

«Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը պատասխանել է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը դրական է վերաբերվում ցանկացած օրենսդրական նախաձեռնության, որը միտված կլինի զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը և զինծառայողի մասնագիտության գրավչության բարձրացմանը, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` պայմանագրային զինծառայողներին գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու նպատակով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում» փոփոխություններ կատարելու մասին առաջարկությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում պայմանագրային զինծառայողների արտոնությունների մասով համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ դրույթը ներառված է «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած) , անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովության ռազմավարության» նախագծում»:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել  «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է գույքահարկից ազատել  ՀՀ Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասը գույքահարկից ազատում է միայն ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց, ինչը նշանակում է, որ արտոնությունը չի տարածվում պայմանագրային զինծառայողների, այդ թվում` 20 տարուց ավել ծառայության մեջ գտնվող սպայական կազմի ծառայողների վրա, որոնք ծառայությունը շարունակում են պայմանագրային հիմունքներով: Նման կարգավորումը կարող է նպաստել ՀՀ Զինված ուժերից 20 տարվա պարտադիր զինվորական ծառայություն անցած սպայական կազմի հոսունությանը: