Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է այցելել Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Վերջին օրերին ակնհայտ լարվածություն է նկատվում հայ-վրացական հարաբերություններում: Ակնհայտ է, որ Վրաստանը գնում է հարաբերությունների սրման, հակառակ դեպքում մի քանի օր առաջ զորավարժություններին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելը կդառնար այս պատմության վերջակետը, ոչ թե Վրաստանը կորոշեր զորավարժությունների ավարտից հետո թեմային նոր ընթացք տալ: Առավել ևս, որ հարակից այլ իրադարձություններ անուղղակիորեն հաստատում են, որ հայ-վրացական հարաբերություններում ճգնաժամի փուլ է: Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին համատեղ հանդես կգան Լեռնային Ղարաբաղին և Աբխազիային վերաբերող հարցերում:

Ադրբեջանն ու Թուրքիան այսօր Վրաստանի կարևորագույն հարևաններն ու գործընկերն են: Ադրբեջանական էներգետիկ ռեսուրսները Վրաստանի համար դարձել են այլընտրանք ռուսականին: Վրաստանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապում են նաև մի շարք այլ խոշոր էներգետիկ նախագծեր: Բացի այդ, Թուրքիան Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերներից մեկն է: Այսօր այս ռազմավարական գործընկերությունը, որը ազատել է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից, Վրաստանի համար դառնում է վտանգավոր. Թուրքիայի և Ադրբեջանի ավտորիտար ռեժիմները փորձում են ներքաշել Վրաստանին իրենց քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարի մեջ: Իսկ Թբիլիսին այս փուլում չի կարող կամ ի զորու չէ դիմակայել այս տեսակի ճնշմանը: Հետևաբար, Վրաստանը ինքն է հայտնվել ծայրագույն բարդ իրավիճակում: Ադրբեջանը ցանկանում է չեզոքացնել Վրաստանին արցախյան հարցը լուծելու համար, իսկ Թուրքիան փորձում է վրացական գործոնն օգտագործել անձնական նպատակներով։ Մի կողմից Թուրքիան, ՆԱՏՕ–ի անդամ լինելով, աջակցում է Վրաստանի` Դաշինքի անդամ դառնալու ձգտմանը։ Մյուս կողմից այսօր Վրաստանն ու եռամիությունն անհրաժեշտ են Թուրքիային` ընդգծելու համար տարածաշրջանում իր նշանակությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Հարևանների ծրագրերը չի կիսում Վրաստանը, որը չի ցանկանում հարաբերություններ փչացնել Հայաստանի հետ։ Տարածաշրջանում ցանկացած ռազմական գործողության վերսկսում ձեռնտու չէ Վրաստանին, քանի որ Վրաստանում կա և ադրբեջանական, և թուրքական, և հայկական բավականին մարդաշատ համայնք, իսկ լարվածությունն այս երկրների միջև Վրաստանում կապակայունացնի իրավիճակը: Հայաստանը ևս Վրաստանի նկատմամբ այդպիսի քաղաքականություն է վարել, ունենալով ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, որի հետ Վրաստանը դիվանագիտական հարաբերությունները խզել է դեռևս 2008թ:

Հայ-վրացական հարաբերությունները թույլ չեն տալիս, որ Հայաստանը վերջնականապես հայտնվի տարածաշրջանային համագործակցության լուսանցքում, Վրաստանը միակ ճանապարհն է, որ մեզ կապում է Ռուսաստանի հետ և, ըստ էության, այն բացառիկ հարթակն է, որն ավելի կենսունակ է դարձնում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը: Հետևաբար անհրաժեշտ է բոլոր դիվանագիտական լծակները օգտագործել հարթելու համար հայ-վրացական հարաբերություններում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ի հայտ եղած կնճիռները, դա բխում է թե՛ Երևանի, թե՛ Թբիլիսիի շահերից:

 

Ստելլա Խաչատրյան