Դեռ երկու տարի առաջ հենց այս հարցն էր օրակարգային քաղաքական ուժերի համար, որովհետեւ նախագահական ընտրություններն ու նախագահի ինստիտուտն էին որոշում երկրի իշխանության հարցը։ Բաղրամյան 26-ն իր այսօրվա ազդեցիկությունը կպահպանի մինչեւ 2018թ.-ի ապրիլը, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը կնշանավորվի նաեւ նախագահի ինստիտուտի իրավա-քաղաքական կարգավիճակի փոփոխությամբ։ Նոր կառավարման համակարգն իշխանության կենտրոն դարձնում է կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ, իսկ նախագահին վերապահվում են ներկայացուցչական, արտաքին քաղաքականության արարողակարգային լիազորություններ։ Բայց, ինչքան էլ «խուզված» լինեն նոր նախագահի լիազորությունները, այդ պաշտոնյան սահմանադրորեն հանդիսանալու է պետության գլուխը, ունենալու է որոշակի ազդեցիկություն, մեծ կամ փոքր «բաժնեմաս»՝ իշխանության համակարգում։ Այսինքն, չորրորդ նախագահը՝ նույնիսկ անկախ անձից, ինտեգրված է լինելու իշխանության էլիտային, մանավանդ՝ այս պաշտոնյայի ընտրությունը կախված է խորհրդարանական մեծամասնությունից, իդեալական տարբերակում (եթե ընտրվի առաջին փորձից)՝ նաեւ ընդդիմության կամ դրա մի հատվածի աջակցությունից։ Ասել կուզի՝ նախագահն ինչ-որ իմաստով խորհրդանշելու է քաղաքական մեծ ու փոքր համաձայնություններ՝ կամա թե ակամա ստանձնելով «քաղաքական արբիտրի» դեր։
 
2018-ից Հայաստանի Հանրապետությունն այլեւս խորհրդարանական կառավարմամբ երկիր է լինելու, իսկ նախագահը, ըստ 2015-ին փոփոխված Սահմանադրության, շարունակելով լինել պետության գլուխը, այլեւս չի լինելու ժողովրդի քվեարկությամբ ընտրված պաշտոնյա, այլ ընտրվելու է ԱԺ-ի կողմից: Թե ով է լինելու այդ նախագահը՝ դեռ վաղ է ասել, սակայն, չգիտես ինչու, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական սեկտորում Սերժ Սարգսյանի թեկնածությունը չի դիտարկվում որպես այդ պաշտոնի հավակնորդ: Բայց՝ իզուր: Ինչ վերաբերում է Սահմանադրության այն պահանջին, որ նախագահը չի կարող լիազորություններն իրացնելիս լինել կուսակցության անդամ, ապա Սարգսյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալը ոչ մի բան չի փոխի այդ կուսակցությունում: Այն ինչպես ծառայել, այնպես էլ շարունակելու է ծառայել Սարգսյանին այնքան ժամանակ, քանի դեռ նա այդ ուժը դիտարկում է որպես գործիք՝ իշխանության մեջ մնալու համար:
 
Մամուլում քննարկվում է 2018-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահ դարձնելու տարբերակը: Վերջինս 2004 և 2008թ.թ. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների համար անուրանալի ծառայություն է մատուցել: Բացի այդ, «Հայաստան» հիմնադրամում նա մեծ ավանդ ունի: Սփյուռքի գրեթե բոլոր շրջանակներում համարվում է չվարկաբեկված կամ քիչ վարկաբեկված հայաստանցի պաշտոնյա: Հետևաբար, հաջորդ տարի, երբ լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, և նա պետք է թողնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը կարող է նրան ՀՀ նախագահի պաշտոնը «հանձնել»։ Կարծես՝ Գագիկ Հարությունյանը միակ անձն է, որին ԱԺ-ն առանց որևէ խնդրի կընտրի այդ պաշտոնում:
 
Քննարկվում է նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի թեկնածությունը։ Նրա անունը պարբերաբար շրջանառվում է տարբեր պաշտոնների առնչությամբ, քանի որ Սերժ Սարգսյանի ու նրա ջերմ հարաբերությունների մասին բոլորը գիտեն։ Այս պարագայում կարող է խանգարել միայն ղարաբաղցի լինելու հանգամանքը: Եվ վերջապես՝ չորրորդ նախագահ կարող է դառնալ մեկը, ով իշխանություններին անգնահատելի ծառայություն կմատուցի խորհրդարանական առաջիկա ընտրություններում։ Մոտավորապես այն եղանակով, ինչի շնորհիվ ժամանակին Արթուր Բաղդասարյանը հայտնվեց ԱԽ քարտուղարի պաշտոնում։
 
 
Ստելլա Խաչատրյան