Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի նախկին ղեկավարը խոստովանել է, որ Իրանի Զինված ուժերը մասնակցել են ղարաբաղյան պատերազմին' Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, եւ աջակցել են Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է կանադական «Oye! Times» օնլայն թերթը:
«Sahar» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ գեներալ Մոհսեն Ռեզային, ով Իրանի հյուսիսային հարեւանների միջեւ վեցամյա պատերազմի ժամանակ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն է եղել, հայտարարել է, որ նա հրամայել է իր զորքին հատուկ ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանի Հանրապետության զորքերին:
«Ես անձամբ եմ հրահանգել Ադրբեջանի հանրապետության բանակը զինել հարկ եղածին պես եւ նրան ապահովել անհրաժեշտ պատրաստություններով: Շատ իրանցիներ են զոհվել ղարաբաղյան կռվում: Բացի վիրավորներից, ովքեր տեղափոխվել են Իրան, ղարաբաղյան կռվի ընթացքում շատ զոհեր թաղվել են Բաքվում: Ղարաբաղն իսլամական հողերի մի մասն է եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է երաշխավորվի խաղաղ ճանապարհով».-ասել է նա:
Ռեզային, ով այս պահին Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղարն է, վերջերս հայտարարել է, որ հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին մտադիր է առաջադրվել: Նա հերքել է Ադրբեջանի կողմից հնչած հայտարարություններն այն մասին, որ Թեհրանը Հայաստանի հետ պատերազմի ժամանակ չի աջակցել' նշելով, որ այդ հայտարարություններն արվել են «Արևեմուտքի» եւ «միջազգային սիոնիզմի» կողմնակից անձանց կողմից: